Loading

Ծխողների ընտանիքում ծնված և մեծացած երեխաները 80-90 տոկոս դեպքերում ծխող են դառնում

31.05.2014

Ծխողների ընտանիքում ծնված և մեծացած երեխաները 80-90 տոկոս դեպքերում ծխող են դառնում

Այսօր՝ մայիսի 31-ին, Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրն է:

Օրվա առիթով հանդիպեցինք և զրուցեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանն է:

Մայիսի 31-ը ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրն է: Ինչպիսի՞ն են վերջին 10 տարիների ընթացքում հակածխախոտային պայքարի մեր արդյունքները:

– Առաջընթաց անշուշտ ունենք: Միակ խնդիրն այն է, որ ծխախոտի դեմ մեր պայքարը կարիք ունի համակարգվածության: Անգամ այն, որ այգիներում, սրճարաններում, գրասենյակներում, հասարակական վայրերում տեսնում ենք, որ ծխելը խստիվ արգելվում է, արդեն մեծ առաջընթաց է: Սա իհարկե քիչ է՝ արդյունքի հասնելու համար, բայց աշխատանքներ տարվում է: Միանձնյա պայքար չի լինում: Բժիշկը չի կարող իր հիվանդին քարոզել թողնել ծխելը, երբ երևույթը, որպես այդպիսին, չի քննադատվում հասարակության կողմից:

Ի՞նչ բարդություններ է ծխախոտն առաջացնում օրգանիզմում և հատկապես թոքերում:

– Բոլորին է հայտնի, որ թոքերի առաջին թշնամին ծխախոտն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` ծխելու արդյունքում թոքերի քրոնիկ հիվանդությունները զարգանալու միտում ունեն: Վերջին տվյալներով` ամենատարածված հիվանդությունը թոքերի ուռուցքային խնդիրներն են: Առաջին հերթին դա կախված է ծխախոտի ազդեցությունից, հետո միայն միջավայրի ախտոտվածությունից, կոսմիկական ճառագայթների ազդեցությունից և այլն: Այս հանգամանքները էական նշանակություն ունեն թե՛ սուր, թե՛ քրոնիկ հիվանդությունների զարգացման գործում:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Արտակ ՀովհաննիսյանԸստ Ձեզ` որն է ամենաազդեցիկ միջոցը ծխախոտի դեմ պայքարում:

– Ամենակարևորը` քարոզչությունը պետք է սկսվի դպրոցից: Եթե վաղ տարիքից երեխան հասկանա, որ ծխելու մեջ ոչ մի գրավչություն չկա, այն միայն վնասակար է, գուցե երբեք չփորձի ծխել: Այստեղ շատ կարևոր է կանխարգելումը: Պետք է այնպես անել, որ դա այլևս ցանկալի չթվա, այլ դառնա ամոթալի, որպեսզի մարդիկ չսկսեն ծխել: Ծխող մարդու օրգանիզմում այնպիսի կենսաքիմիական տեղաշարժեր են կատարվում, որ ուղղակիորեն կախվածության մեջ են գցում մարդուն նիկոտինից:

Իսկ քարոզչության ժամանակակից մեթոդները բավարա՞ր են արդյունքի հասնելու համար:

– Շատ ազդեցիկ են ծխախոտի տուփերի վրա վերջերս ի հայտ եկած գունավոր նկարները, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին է ծխախոտի ազդեցույթունը մեր տարբեր օրգանների վրա, թե ինչ հիվանդություններ կարող ենք ձեռք բերել, եթե չհրաժարվենք ծխախոտից: Մարդը կարող է 10 անգամ լսել, որ Հավայան կղզիները աշխարհի 8-րդ հրաշալիքն են, բայց դա նրա մեջ երբեք չի տպավորվի, եթե գոնե մեկ նկար չտեսնի: Տեսողական տպավորությունը մարդկանց մոտ ամենաազդեցիկն է: Իմ հիվանդների օրինակով կարող եմ ասել, որ շատերի վրա քարոզչության այս տեսակն ազդեցություն ունեցել է: Ես շատ կցանկանայի, որ այս նշանակության օրերը նշվեին ոչ թե տարվա մեջ մեկ անգամ, այլ ամսվա մեջ գոնե 10 անգամ: Այս քարոզչությունը պետք է իրականացնել ամեն օր, ոչ թե տարվա մեջ մեկ օր:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Արտակ ՀովհաննիսյանԱկտիվ կամ պասիվ ծխող: Միևնույն է, երկու կողմն էլ տուժում է: Իսկ ո՞ւմ առողջությունն է առավելապես վտանգված:

– Վտանգված է առաջին հերթին ծխողի առողջությունը, այլ հարց է, որ նրան շրջապատողները ստիպված և անգիտակցաբար են վնասում իրենց առողջությանը: Ակտիվ ծխողների վրա նիկոտինի ազդեցությունից բացի կա նաև մնացած բաղադրիչների ազդեցությունը, որոնք ևս վնասակար են, իսկ պասիվ ծխողները տուժում են նիկոտինից: Վերջերս գիտական հեռուստաալիքներից մեկը հրապարակեց մի հետազոտության արդյունքներ, որում ասվում էր, թե ծխախոտները, որոնք ունեն սիլիկատային բաղադրության ֆիլտրեր, ավելի մեծ վտանգ են ներկայացնում ծխողների առողջությանը, քան նրանք, որոնք ֆիլտր ընդհանրապես չունեն: Մաքուր թութունից պատրաստված սիգարներն ավելի քիչ ազդեցություն են թողնում մեր առողջության վրա, քան ժամանակակից ֆիլտրերով ծխախոտները:

Այն երեխաները, ովքեր մեծանում են ծխող մարդկանց ընտանիքում, կարո՞ղ են տարիներ անց կախվածություն և հակում ունենալ դեպի ծխախոտը:

– Ապացուցված է, որ վատ սովորությունները մարդիկ ձեռք են բերում փոքր տարիքում և մեծամասամբ ծնողների ազդեցությամբ: Առօրյա պրակտիկայից ես հասկացել եմ, որ եթե ընտանիքում ծխող կա, այդ ընտանիքում ծնված և մեծացած երեխաները 80-90 % դեպքերում ծխող են դառնում: Շատերին դեպի ծխախոտն է մղում մեր ազգային մտածելակերպը: Շատ հաճախ մեր տղաները հենց ինքնահաստատման փուլում են ծխախոտից կախում ձեռք բերում:

Շատերը հակված են այսպես կոչված «թույլ» ծխախոտներին, կա կարծիք, որ դրանք չարյաց փոքրագույնն են…

– Ծխախոտի հարցում չկա չարյաց փոքրագույնը: Ինչքան էլ մենք ասենք, թե խեժը կամ նիկոտինի տոկոսը քիչ է, ծխախոտն իր բոլոր բաղադրիչներով վնասակար է:

– Իսկ ի՞նչ հետևանքներ կարող են լինել ծխելը դադարեցնելուց հետո:

– Հավատացե՛ք իմ փորձին, ծխելը դադարեցնելուց հետո չկա առաջացող որևէ ախտաբանություն, բնական հունից շեղումներ, որոնք ավելի վնասակար են, քան ծխելը: Շատ հաճախ գանգատվում են, թե ծխելը թողնելուց հետո գիրանում են, լնդերը սկսում են ցավել, արյունահոսել, և այլն… Դրանք բոլորը կապված են ոչ թե ծխելը դադարեցնելու հետ, այլ օրգանիզմի հարմարողական շրջանի հետ: Օրգազնիմը սկսում է հարմարվել այն միջավայրին, որտեղ չկա ո՛չ նիկոտին, ո՛չ խեժ: Այդ բոլորը ադապտացիոն համախտանիշի հետ է կապված, որը ժամանակավոր է:

Ինչքան էլ անհնարին թվա, ծխելը պետք է թողնել միանգամից: Փորձը ցույց է տալիս, որ երբեք չի ստացվում ծխելը թողնել աստիճանաբար, թողե՛ք այն միանգամից, առանց վարանելու:

+374 10 47 11 00
QR
Price list QR