2014 թվականի հունիսի 12-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայությունում, որի ղեկավարն է բ.գ.դ. սրտանոթային վիրաբույժ Մեսրոպ Շատախյանը, բացառիկ վիրահատություն է կատարվել. իշեմիկ կաթվածը կանխարգելելու նպատակով քնային զարկերակի պրոթեզավորում՝ հորթի պերիկարդից ստացած անոթային պրոթեզով:
Հիվանդ Կ.-ի մոտ ախտորոշվել է ձախ ներքին քնային զարկերակի ստոնոզի և պաթոլոգիկ ծռվածության համակցված ախտահարում: Նա «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքում ստացիոնար բուժման մեջ էր գտնվում խոսքի խանգարումներով արտահայտվող ուղեղային արյան շրջանառության տրանզիտոր (տարրանցիկ) խանգարումների պատճառով:
Դուպլեքս սկանավորման և ՀՏ-անգիոգրաֆիայի արդյունքներով (ներքին քնային զարկերակի ստենոզ՝ 70%, արյան գծային հոսքի արագությունը ծռված հատվածում՝ 160 սմ/վրկ) 12.06.2014 թ. հիվանդը տեղափոխվել է վիրահատարան (վիրաբույժներ՝ Մ.Պ. Շատախյան, Ա.Ա. Հայրապետյան, անեսթեզիոլոգ՝ Ա.Ռ. Մուրադյան): Ձախ ներքին քնային զարկերակի էնդարտերէկտոմիայի իրականացումից հետո պարզ դարձավ, որ գալարի հատվածում, 6-7 սմ երկարությամբ, անոթի պատը անևրիզմատիկ փոփոխված է: Այս պարագայում անհրաժեշտ էր իրականացնել զարկերակի վերոնշյալ հատվածի պրոթեզավորում: Խնդիրը նրանում էր, որ զարկերակի ռեզեկցիայից հետո ներքին քնային զարկերակի տրամագիծը բիֆուրկացիայի շրջանում 10-11 մմ էր կազմում, իսկ դիստալ հատվածում՝ 3-4 մմ: Բոլոր ժամանակակից սինթետիկ պրոթեզներն՝ իրենց ամբողջ երկարությամբ, միանման տրամագիծ ունեն, իսկ քնային զարկերակների պրոթեզավորման ժամանակ պրոթեզի և զարկերակի տրամագծերի միջև տարբերությունը չպետք է գերազանցի 2 մմ-ը:
Հեմոդինամիկ ցուցանիշներով օպտիմալ արյան հոսք ստանալու համար Մ.Պ. Շատախյանի կողմից որոշում ընդունվեց վիրահատական սեղանին հորթի պերիկարդից համապատասխան տրամագծերով կոնաձև անոթային պրոթեզ պատրաստել՝ պրոքսիմալ հատվածում՝ 10 մմ, դիստալ հատվածում՝ 4 մմ: Յուրօրինակ դիզայնի և նյութի շնորհիվ պրոթեզի տրամագծերը սկզբնական և վերջնական հատվածներում իդեալականորեն համապատասխանեցին զարկերակի չափսերին: Վիրահատությունն ու հետվիրահատական շրջանն անցան առանց բարդացումների, հետվիրահատական դուպլեքս հետազոտության տվյալների համաձայն օպտիմալ արյան հոսքը վերականգնվել էր, տրանզիտային գրոհներ չէին բացահայտվել: Հիվանդը դուրս էր գրվել երկրորդ օրը՝ բավարար վիճակում:
Հորթի պերիկարդը սրտային վիրաբուժությունում լայնորեն կիրառվում է փականների և խոշոր տրամաչափի զարկերակների լաթերի պատրաստման ժամանակ, քանի որ հայտնի են նրա երկարաժամկետ արդյունավետ արդյունքները: Մեզ հասանելի համաշխարհային գրականության մեջ տվյալ նյութի կիրառմամբ միջին և փոքր տրամագծերով զարկերակները փոխարինող անոթային պրոթեզի ստեղծման վերաբերյալ տվյալներ չգտանք: Կատարված վիրահատության արդյունքում. պրոթեզավորվող քնային զարկերակների տրամագծերի մեծ տարբերությունների առկայությունների ժամանակ, արյան հոսքի վատացումից խուսափելու նպատակով, մենք նպատակահարմար ենք գտնում կիրառել հորթի պերիկարդից պատրաստված անոթային պրոթեզները: