2009թ. կոխլեար իմպլանտացիայի շնորհիվ վերականգնվեց փոքրիկ Ստելլայի լսողությունը: Մայրը` Լիլիթ Մկրտչյանը, իր երեխային լիովին վստահել էր բժիշկներին, լինելով համոզված, որ արդյունքը սպասեցնել չի տալու: «Աղջիկս խուլ չի ծնվել, պարզապես հիվանդությունից հետո լսողությունը ամողջովին անհետացել էր: Որոշ ժամանակ անց կորցրեց նաև խոսելու կարողությունը: Վիրահատությունից հետո վերականգնվեց լսողությունը, իսկ 6 ամիս անց Ստելլան նաև խոսում էր»,- անթաքույց հիացմունքով պատմում է մայրը:
Կոխլեար իմպլանտացիայի հայկական կենտրոնի եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Երեւանում մեկնարկեց Քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի և Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի ծրագրի մասին զրուցեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի հետ:
– Պարոն Շուքուրյան, ի՞նչ միջոցառման մասնակցեցին բժիշկները և ի՞նչ է ենթադրում կոխլեար իմպլանտացիան:
– Այս կոնֆերանսը նվիրված է Հայաստանում խխունջային ներպատվաստման 10-ամյակին: Առաջին անգամ կոխլեար վիրահատություն կատարել ենք 2004թ. և մինչ օրս հաջողությամբ շարունակում ենք: Խխունջային ներպատվաստումը ենթադրում է օգնություն այն մարդկանց, ովքեր տառապում են ծանրալսության 4-րդ աստիճանով, որը գրեթե համրժեք է խլությանը: Ցավոք, այս հիվանդությամբ տառապում են մանկահասակ երեխաները:
– Մարամասնեք, խնդրե՛մ, ինչ վերաբերում է վիրահատության տեխնիկական մասին:
– Այս վիրահատությամբ մենք էլեկտրոնային սարք ենք ներդնում ներքին ականջում, վերականգնում ներքին ականջի վնասված հատվածը: Իմպլանտը կազմված է երկու բաժնից: Ներքին հատվածը վիրահատական միջոցով է տեղադրվում, իսկ դրսի հատվածը մեզ օգնում է ծրագրավորել, կապի մեջ լինել ներքին իմպլանտի հետ: Հայաստանում կոխլեար ինպլանտացիան կատարվում է միայն «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Գործընթացը բավականին ծախսատար է և հատուկ մասնագիտական հմտություններ է պահանջում: Օգնությունը, որը տրամադրվում է պացիենտին, չի սահմանափակվում միայն վիրահատությամբ: Շատ կարևոր է նաև հետվիրահատական շրջանը` վերականգնողական գործողություններ, պարապմունքներ, որոնք սովորեցնում են հիվանդին նորից լսել ու ընկալել:
– Ովքե՞ր են մասնակցում այսօրվա գիտաժողովին:
– Մեզ հետ իրենց փորձով այսօր կկիսվեն մասնագետներ Ռուսաստանից, Բելառուսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից: Այս կոնֆերանսը հատկանշական է նրանով, որ մենք ո՛չ միայն կլսենք արտասահմանից ժամանած մեր գործընկերների զեկույցները, այլև ինքներս կներկայացնենք մեր նվաճումներն ու փորձն այս բնագավառում և կփորձենք ինչ-որ կերպ օգտակար լինել նաև նրանց:
Զրուցեցինք Աուդիոլոգների միջազգային ասոցիացիայի նախագահ, Աուդիոլոգիայի եւ ձայնապրոթեզավորման ռուսական գիտապրակտիկ կենտրոնի ղեկավար Գեորգի Տավարքիլաձեի հետ:
– Բժիշկ Տավարքիլաձե, ինչո՞վ է հատկանշական այս միջոցառումը և ի՞նչ եք ակնկալում:
– Արդեն 10 տարի է, ինչ Հայաստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվում է կոխլեար իմպլանտացիա: Դրա միջոցով մենք երեխաներին, ինչու չէ՝ նաև մեծահասակներին, վերադարձնում ենք լսողությունն ու խոսելու ունակությունը: Այսօրը հատկանշական պետք է լինի ո՛չ միայն մասնագետների համար, այլև հասարակության, քանի որ այս ձեռքբերումը միայն ի շահ հասարակության է:
– Կոխլեար իմպլանտացիայի ծրագրի ի՞նչ զարգացում եք նկատում Հայաստանում:
– Սա յուրօրինակ երևույթ է, որը դասվում է բարձր տեխնոլոգիական բժշկությանը: Հայաստանում կոխլեար իմպլանտացիան նպաստեց նորածինների աուդիոսքրինինգի ներդրմանը: Սքրինինգի միջոցով երեխան հետազոտվում է հետծննդյան առաջին օրերի ընթացքում և հնարավոր է դառնում ախտորոշել խնդիրը դեռ թերզարգացած վիճակում: Որքան շուտ է հայտնաբերվում խնդիրը, այնքան արդյունավետ և արագ է իրականացվում բուժումն ու վերականգնումը: Հայ մասնագետները կոխլեար իմպլանտացիայի գործում բավականին երկար փորձ ունեն, ինչն էլ առիթ է մեր այսօրվա գիտաժողովի: Այս ոլորտում միայն մասնագետների ներգրավվածությունը բավարար չէ. այստեղ անհրաժեշտ է պետական աջակցություն, սա հասարակական խնդիր է, այլ ոչ միայն՝ առողջապահական: Գործընթացը պահանջում է թանկարժեք տեխնոլոգիա, որի հնարավորությունը շատերը չունեն: Կոխլեար իմպլանտացիան գոնե մասամբ պետք է կատարվի պետական աջակցությամբ:
Կոխլեար իմպլանտների մասին զրուցեցինք «Cohlear» ավստրալիական ընկերության մենեջեր Ալեքսանդր Դեգտյարևի հետ:
– Ի՞նչ պատմություն ունի կոխլեար իմպլանտացիան ամբողջ աշխարհում և ի՞նչ ներդրում ունի այդ գործում «Cohlear» ընկերությունը:
– Կոխլեար իմպլանտացիան շուրջ 30 տարի է, ինչ կիրառվում է ամբողջ աշխարհում: Ներկա դրությամբ մոտավորապես 300.000 պացիենտ օգտվում է մեր ընկերության կոխլեար իմպլանտացիայի համակարգից: Այն բարձր տեխնոլոգիաներով օգնություն է ձեռքբերովի խլություն ունեցող անձանց համար: Կոխլեար իմպլանտացիան ընդհանուր խլությամբ տառապող պացիենտների լսողության վերականգնման համար կլինիկապես ստուգված, արդյունավետ և անվտանգ մեթոդ է: Հիմնարար հետազոտությունների և գիտական մշակումների համար խոշոր ներդրումների շնորհիվ, «Cohlear» ընկերությունն այսօր կոխլեար իմպլանտացիայի համակարգերի ամենահեղինակավոր և խոշոր արտադրողն է: 2004 թվականից` «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի հետ միասին, Հայաստանում սկսեցինք կոխլեար իմպլանտացիայի ծրագիրն իրականացնել:
– Ի՞նչ կարևորություն ունեն նմանօրինակ հոբելյանական միջոցառումները:
– Այս կոնֆերանսն, առաջին հերթին, կամփոփի Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի զարգացման գործընթացում հայ մասնագետների ներդրումը: Սա ևս մեկ առիթ է՝ տեսնելու նախինում վիրահատվածներին, ուսումնասիրելու վիրահատության արդյունքները տարիներ անց , իմի բերելու ձեռքբերումներն ու գուցե՝ բացթողումները:
– Ի՞նչ նորություն է ներկայացնում ընկերությունն այսօր:
– Այս գիտաժողովում ներկայացրեցի նոր` 6-րդ սերնդի կոխլեար իմպլանտանտը: Սա ինովացիոն արտադրանք է, որն, ըստ արտադրողի, լավագույնն է իր տեսակի մեջ: Այն մեքենայացման հիմքով հարմարվում է միջավայրին, ընկալում և տարբերում ձայնը՝ աղմուկից: Սարքը երեխային թույլ է տալիս, առանց լարային որևէ կապի, ընկալել ձայնը, ինչը շատ հարմար է մանկապարտեզում, դպրոցում կիրառելու համար: Այն նաև հնարավորություն է տալիս պահպանելու ամբողջ տեղեկատվությունը, որը ստացել է պացիենտը, այն միջավայրը, որտեղ գտնվել է, ինչն արդյունավետ է հատկապես բժշկի հետ աշխատանքում: Վերականգնելով ամբողջ տեղեկատվությունը` բժիշկն ավելի ճիշտ մոտեցում է գտնում հետվիրահատական վերականգնողական աշխատանքների համար: