Loading

Ուղեղային արյան շրջանառության քրոնիկ խանգարումների բուժման համար Հայաստանում առաջին անգամ բացառիկ վիրահատություն է իրականացվել` քնային և ողնաշարային զարկերակների վերակառուցում` մեկ փուլով

22.10.2014

Ուղեղային արյան շրջանառության քրոնիկ խանգարումների բուժման համար Հայաստանում առաջին անգամ բացառիկ վիրահատություն է իրականացվել` քնային և ողնաշարային զարկերակների վերակառուցում` մեկ փուլով

30.09.14 թ. Հայաստանում առաջին անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ուղեղային արյան շրջանառության քրոնիկ խանգարումներով տառապող պացիենտին վիրահատել են` մեկ փուլով, իրագործվել է քնային և ողնաշարային զարկերակների վերակառուցում:

Վիրահատությունն իրականացրել է սրտի և պարանոցի անոթների վիրաբուժության ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Մեսրոպ Շատախյանը:

42 ամյա հիվանդ Վ.-ն «Էրեբունի» բժշկական կենտրոն էր դիմել արտահայտված գլխապտույտներով, շարժումների կոորդինացիայի խախտումներով, ճոճվող քայլվածքով, անամնեզում նշելով ուշագնացություններ և ուժեղ գլխացավեր: Պացիենտը վերջին երկու տարիների ընթացքում վերոնշյալ ախտանիշներով ապարդյուն բուժվում էր տարբեր նյարդաբանական և սրտաբանական կլինիկաներում: ՀՏ-անգիոգրաֆիայի և դուպլեքս սքանավորման տվյալների հիման վրա բացահայտվել է ձախ քնային և ողնաշարային զարկերակների պաթոլոգիկ դեֆորմացիաներ (գալարումներ), որոնք հանգեցրել են արյան հոսքի արտահայտված հեմոդինամիկ փոփոխությունների: Փաստացի, հիվանդի մոտ առկա էր քնային և ողնաշարային զարկերակներով դեպի գլխուղեղի ձախ հատվածներ տանող ուղու արյան մատակարարման անբավարարություն՝ նորմայից 4 անգամ ցածր: Տվյալ պարագայում նորմալ արյան շրջանառության վերականգնման համար վիրահատական միջամտություն էր պահանջվում: Օպտիմալ արդյունքներ ստանալու համար Մ. Շատախյանի կողմից որոշում է կայացվել քնային և ողնաշարային զարկերակների վերակառուցում իրականացնել՝ մեկ փուլով:

Վիրահատությունը 30.09.14 թ. էր նշանակված (վիրաբույժներ` Մ. Պ. Շատախյան, Ա. Ա. Հայրապետյան, Ա. Ն. Ալեքսանյան, Ա. Վ. Ստամբոլցյան, անեսթեզիոլոգ` Ա. Ռ. Մուրադյան): Առաջին հերթին իրականացվել է ձախ քնային զարկերակի վերակառուցում` դեֆորմացված հատվածի ռեզեկցիայով և ռեդրեսացիայով, այնուհետև ողնաշարային զարկերակի վերակառուցում՝ դեորմացիայի ռեզեկցիա և իստմոպլաստիկա (քսենոպերիկարդից լաթի օգնությամբ): Հիվանդն էքստուբացվել է վիրահատական սեղանին: Հեմոդինամիկայի տվյալները` դուպլեքսային սքանավորման համաձայն, ֆիզիոլոգիական արյան հոսքի վերականգնում են ցույց տվել:

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, առանց բարդությունների: Վիրահատության արդյունքում ամբողջությամբ վերացան գլխապտույտները, շարժումների կոորդինացիայի խախտումները, ճոճվող քայլվածքը: Հիվանդը դուրս է գրվել երեք օր անց:

Քնային և ողնաշարային զարկերակների պաթոլոգիկ դեֆորմացիաների վերակառուցումը բուժիչ վիրահատություն է (ի տարբերություն կանխարգելիչ վիրահատություն հանդիսացող կարոտիդային էնդարտերէկտոմիայի), քանի որ ամբողջությամբ վերացնում է ուղեղային արյան շրջանառության քրոնիկ անբավարարության ախտանշանները` արտահայտված գլխապտույտները, շարժումների կոորդինացիայի խախտումները, ճոճվող քայլվածքը, ուժեղ գլխացավերը, ինչը զգալիորեն լավացնում է հիվանդների կյանքի որակը և նվազագույնի է հասցնում գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը:

+374 10 47 11 00
QR
Price list QR