Loading

10 սպասումներով տարիներից հետո կյանքի հրաշք անակնկալը

22.10.2014

10 սպասումներով տարիներից հետո կյանքի հրաշք անակնկալը

Օրերս «Էրեբունի» բժշկական կենտրոնում ուրախալի լուր գրանցվեց. լույս աշխարհ է եկել եռյակ: Բժիշկ Դավիթ Աբովյանի փոխանցմամբ՝ ե՛ւ մայրիկի ե՛ւ նորածինների առողջական վիճակը կայուն է: Շուտով նրանք տուն կտեղափոխվեն:

– Բժիշկ Աբովյան, կարելի է ասել՝ երևույթն աննախադեպ է…

– Մի քանի տարի առաջ նման դեպքը գուցե համարվել է աննախադեպ, այսօր ավելի հանգիստ ենք նայում կատարվածին, որովհետև գնալով հաճախանում են նրանք: Գաղտնիքը նրանում է, որ տարիներ առաջ Հայաստանում արտամարմնային բեղմնավորում չէր կատարվում:

Սովորաբար բժիշկները եռյակի լույս աշխարհ գալը վտանգավոր են համարում: Ինչո՞ւ:

– Ողջ աշխարհում նման հղիության սկզբում, եթե կարողանում են համոզել ծնողներին, առաջարկվում է պտղի կամ էմբրիոնի հեռացում, արդյունքում եռյակի փոխարեն հուսալիորեն պահպանում են զույգ պտղի ծնունդը: Այդ քայլին հիմնականում դիմում են՝ խուսափելու ռիսկերից, անհաս երեխաներ լույս աշխարհ բերելուց, իսկ անհասությունն այսօր աշխարհում մեծ խնդիր է, քանի որ իրենց հետագա կյանքում շատ հաճախ են զանազան առողջական խնդիրներ ունենում: Վառ օրինակ են տեսողության և դպրոցում առաջադիմության հետ կապված խնդիրները:

Ինչպե՞ս եք գնահատում մայրիկի և նորածինների վիճակը:

– Ե՛վ մայրիկի, ե՛վ նորածինների վիճակը կայուն է: Շուտով նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից: Նորածինների մայրը՝ Ռոզա Սահակյանը, ով բնակվում է Արմավիրի մարզում, եղել է մեր հսկողության տակ, ժամանակին իրականացվել են բոլոր կանխարգելիչ աշխատանքներն ու անհրաժեշտ հետազոտությունները:

«Էրեբունի» բժշկական կենտրոնն, այսօրվա դրությամբ, հանրապետությունում լավագույններից է: Այստեղ կան բոլոր պայմանները նման հղիություն վարելու և հետծննդյան շրջանի երեխաների խնամքը հոգալու, եթե անգամ ծնվեն անհաս երեխաներ:

Ռոզա Սահակյան. «Թող ոչ մի օրորոց դատարկ չմնա»

Արմավիրի մարզի բնակչուհի Ռոզա Սահակյանն այս օրվան ուղիղ տասը տարի է սպասել և իր ջերմ ու երախտագիտական խոսքերն է հղում «Էրեբունի» բժշկական կենտրոնի անձնակազմին:

Տիկին Ռոզա, շնորհավորում ենք եռյակի կապակցությամբ:

– Շատ շնորհակալ եմ:

Ի՞նչ զգացողություններ ունեք այս պահին:

– Կատարելապես մայր զգալու ապրումներն ունեմ, անբացատրելի զգացմունք է, բառերով դժվար է արտահայտել: Ոչինչ աշխարհում չի կարող համեմատվել վերապրածս բերկրանքի հետ:

Ձեր նոր կարգավիճակը պատկերացնո՞ւմ էիք:

– Եթե փորձեի պատկերացնել, հաստատ, ոչինչ չէր ստացվի... Լիովին այլ ընթացք կարող էր լինել:

Այսինքն`սպասումներն արդարացան:

– Տասը տարի սպասել ենք…

Ինչպե՞ս որոշում կայացվեց դիմել արհեստական բեղմնավորման օգնությանը:

Մեզ օգնեց «Արագիլ» հիմնադրամը՝ Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Նրանց շնորհիվ է, որ նման զգացողություններ վերապրեցինք: Ուզում եմ անձամբ շնորհակալությունս հայտնել տիկին Ռիտա Սարգյսանին և իր հետ համագործակցող ամբողջ թիմին:

Ծնվել են երկու աղջիկ երեխաներ և մեկ տղա, ինչպե՞ս եք անվանել նրանց:

– Ծնված հերթականությամբ` Էլենա, Էլիզա և Հայկ:

Ինչ-որ մեկի պատվի՞ն են այդ անունները:

Պարզապես նախընտրած անուններ են:

Չեմ կարող չհարցնել, մայրիկները շատ են սիրում ասել, թե ո՞ւմ է նման իրենց երեխան: Դուք հասցրե՞լ եք նկատել, թե ո՞ւմ են նման Ձեր երեխաները:

Պարզ է. տղան իր հայրիկին է նման, իսկ աղջիկների մասին դեռ ոչինչ ասել չեմ կարող:

Տիկին Ռոզա, ի՞նչ կասեք բժիշկների մասին: Հղիների մեծամասնությունը վախի զգացողություն է ունենում ծննդաբերությունից առաջ: Սովորաբար հոգատար բժիշկների ջանքերով է թոթափում վախի զգացողությունը…

Վախի զգացողություն չեմ ունեցել, անհամբեր սպասում էի, թե երբ եմ տեսնելու փոքրիկներին: Գոհ և շնորհակալ եմ ծննդատան կոլեկտիվից, հատկապես պաթոլոգիայի բաժանմունքի աշխատակիցներից, մասնավորապես իմ բժշկ Դավիթ Աբովյանից: Նրանք միշտ իմ կողքին են եղել, էլ չեմ ասում, որ բոլորս էինք անհամբեր սպասումոքրիկների լույս աշխարհ գալուն: Անչափ շնորհակալ եմ նաև կենտրոնի տնօրինությանը:

– Ինչպե՞ս են ընթացել հղիության ամիսները:

Հղիության ընթացքը հեշտ չէր, դժվարություններ եղել են, որոնց հաղթահարելը դյուրին էր իմ կողքին կանգնած հոգատար մարդկանցով և բժիշկներով:

Որտե՞ղ եք բնակվում:

Արմավիրի մարզում:

Ինչո՞ւ որոշեցիք «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծննդաբերել:

«Էրեբունի»Շատ էի լսել այստեղ աշխատող բուժանձնակազմի մասին և հենց այստեղ էի ինձ ավելի ապահով պատկերացնում: Շրջապատում էլ բոլորն ինձ խորհուրդ տվեցին դիմել հենց այս կենտրոն: Ինչպես տեսնում եք՝ իմ սպասելիքներն արդարացված են:

Արդեն մեծ աշխատանք ունեք, ինչպե՞ս եք հասցնելու, ովքե՞ր են օգնելու:

Օգնողներ ունենք՝ տատիկները, հորաքույրը, հայրիկը:

Ի դեպ, ի՞նչ զգացողություններ ունեցավ փոքրիկների հայրը:

Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Հայրիկին է պետք հարցնել: (Ժպտում է.-հեղինակ): Պարզ է, որ շատ ուրախ է, բայց ապրումների մասին գիտի միայն ինքը:

Ի՞նչ խորհուրդ կտաք իրենց փոքրիկին լույս աշխարհ գալուն սպասող ապագա մայրերին:

Աստված բոլորին թող օգնի: Թող ո՛չ մի օրորոց դատարկ չմնա: Ով չունի երեխա, թող անպայման ունենա ու զգա այս բերկրանքը:

+374 10 47 11 00
QR
Price list QR