«Էրեբունի» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ ժամանակակից տեխնիկայով հագեցած սրտաբանական կենտրոնի բացումը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Առողջապահության նախարար Հարություն Քուշքյանի ու “Էրեբունի” բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանի ուղեկցությամբ շրջեց նորաբաց կենտրոնում, ծանոթացավ կատարված աշխատանքներին:
Պրն. Ծառուկյանը հանդիպեց նաև բուժանձնակազմի հետ, պատասխանեց նրանց հարցերին: “Էրեբունի” բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը ողջունեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, Առողջապահության նախարար Հարություն Քուշքյանին և բուժանձնակազմին և հավելեց. “Ի շնորհիվ “Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամի բոլոր մարզերում բժիշկների համար ապահովվել են աշխատանքային պատշաճ պայմաններ, բուժկենտրոններն ապահովված են դեղորայքով ու անհրաժեշտ սարքավորումներով»:Առողջապահության նախարար Հարություն Քուշքյանն իր խոսքում անդրադարձավ կատարված աշխատանքներին և նախատեսվելիք ծրագրերին: “Նոյեմբերի 7-ից դեկտեմբերի 7-ը ՀՀ բոլոր մարզերում կանցնացվի առողջության մեկամսյա ծրագիրը, որի շրջանակներում անվճար հետազոտություններ և բուժումներ կկատարվեն: Անհրաժեշտության դեպքում բուժումը կկատարվի “Էրեբունի” և “Նաիրի” բժշկական կենտրոններում բացարձակ անվճար հիմունքներով”,- հայտարարեց նախարարը:Պրն. Ծառուկյանն իր խոսքում ընդգծեց, որ կարևորը մարզերում առողջ ու բարեկեցիկ ընտանիքներ ունենալն է. “Որքան ընտանիքն առողջ է, այնքան երկիրն ամուր է: Մենք ամուր ենք կանգնած մեր երկրի ու մեր հողի վրա”: ԲՀԿ առաջնորդը կարևորեց բուժանձնակազմի աշխատանքը նշելով, որ նրանց ի վերուստ տրված է Աստվածային շնորհ և նրանց արածը երբեմն ավելին է քան մարդու կյանքը փրկելն ու կյանք պարգևելը: Գագիկ Ծառուկյանը հավելեց. “Ես հպարտ եմ, որ առողջապահության ոլորտն ունի ԲՀԿ-ական նախարար, ով հստակ պատկերացում ունի ոլորտի մասին և ամենայն պատասխանատվությամբ ու սիրով է կատարում իր աշխատանքը”: