52-ամյա կինն առաջին անգամ ծննդաբերել է։ Սա Հայաստանում բացառիկ դեպք է։ Կինը, որն ազգությամբ հայ է եւ Հայաստանի քաղաքացի, չի կամենում հրապարակել իր անունը։Նա ծննդաբերել է հուլիսի 31-ին՝ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտոնի ծննդատանը։ Նա հղիացել է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով, փոքրիկին լույս աշխարհ բերել կեսարյան հատման միջոցով:Այս տարիքում հղիությունն ու ծննդաբերությունը բավական լուրջ, հազվադեպ երեւույթ է, խոսքն առաջնածնության՝ առաջին անգամ ծննդաբերելու դեպքերի մասին է: Թեեւ հղիությունը ռիսկային է եղել, սակայն բուժկենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանի խոսքով, իրենց բժշկական թիմն արել է հնարավորը̭ թե՛ մոր կյանքի, թե՛ փոքրիկի առողջության համար:«Ամբողջ աշխարհում այդպես է, Հայաստանում` առավել եւս, 40-ից հետո ծննդաբերությունները հազադեպ են համարվում, վերջին մի քանի տարիների ընթացքում, քանի որ արտամարմնային բեղմնավորումը մեծ թափ ստացավ նաեւ Հայաստանում, 40-ից բարձր տարիքում ծննդկաններ ունեցանք։ Մի քանի ամիս առաջ էր դա, երբ 48 տարեկան կինն ունեցավ իր առաջին երեխային։ Երկրորդն էլ այս դեպքն է, որ ընդհանրապես սենսացիա է մեզ համար»,- ասաց Էրեբունի ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը։ Փոքրիկն աղջիկ է՝ 2 կգ 890 գրամ քաշով, առողջ է: Միակ բարդությունն, ըստ Անդրանիկ Պողոսյանի, եղել է այն, որ կինն ունեցել է առաջադիր ընկերք, ինչի պատճառով մոր կյանքը փրկելու համար անհրաժեշտ է եղել արգանդը հեռացնել:Մայրն ու երեխան շուտով ծննդատնից դուրս կգրվեն:
Սկզբնաղբյուրը՝ yerkirmedia.am