Loading

103-ամյա կինը կքայլի...

08.02.2015

103-ամյա կինը կքայլի...

Օրերս «Նաիրի» բժշկական կենտրոնում բացառիկ վիրահատություն է կատարվել: 103-ամյա կնոջը՝ Սիլվարդ Աթանջյանին, փոխպատվաստվել է կոնքազդրային հոդ: Այս վիրահատության շնորհիվ կինը, ով ազդրի գլխիկի կոտրվածքի պատճառով կարող էր հաշմանդամ դառնալ, այսօր կվերադառնա լիարժեք կյանքի, ազատ կքայլի եւ կնստի: Այս դեպքի մասին «Մեդ-Պրակտիկի»-ին պատմեց «Նաիրի» բժշկական կենտրոնի օրթոպեդ-վնասվածքաբան Արսեն Վահրամյանը:

Բժիշկը տեղեկացրեց, որ վիրահատությունը եւ հետվիրահատական շրջանն անցել են հաջող, ու հիվանդին կարելի է դուրս գրել: Վիրաբույժն ընդգծեց, որ այս տարիքում նման կոտրվածքները չեն սերտաճում եւ առանց վիրահատության հիվանդի բուժումը անհնարին կլիներ: Հիվանդը ստիպված կլիներ կյանքի մնացած հատվածն անցկացնել անկողնուն գամված, ինչն իր հերթին մի շարք անցանկալի բարդություններ կարող էր առաջացնել. պառկելախոցեր, կանգային թոքաբորբ և այլն:

103 տարեկան կինը և՛ կնստի, և՛ կքայլի...  Վիրահատությունն, անշուշտ, ռիսկային է՝ տարիքն արդեն իսկ վտանգ էր, հնարավոր էր արյան կորուստ եւ այլ բարդություններ: Վիրահատությունն իրականացվեց հնարավորինս արագ, 40 րոպեի ընթացքում, արյան մինիմալ կորուստով:

Եվ, իհարկե, վիրահատությունն իրականություն դարձավ արհեստավարժ անզգայացման շնորհիվ, որը կատարեց Հանրապետության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:

Արսեն Վահրամյանը փաստեց, որ իր պրակտիկայում այդ տարիքի հիվանդ երբևէ չի ունեցել:

Անդրադառնալով տիկին Սիրվարդին`103 տարին բոլորած կնոջը, բժիշկ Վահրամյանը ժպիտով ասաց. «Տիկին Սիրվարդը շատ ուրախ և սպասումներով լի է եկել մեզ մոտ: Ի դեպ նաեւ պատմել է, որ ընտանիքը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ է եղել: Վիրահատությունից առաջ խնդրել է իրեն ոտքի կանգնեցնել, քանի որ դեռ շատ ու շատ գործեր ունի անելու: Եվ իհարկե պետք է մասնակցի իր համար այդքան կարեւոր Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի 100-ամյակին»:

+374 10 47 11 00
QR
Price list QR