Loading

Երիտասարդ ընտանիքը 4 արու զավակ կմեծացնի սահմանամերձ գյուղում

09.02.2015

Երիտասարդ ընտանիքը 4 արու զավակ կմեծացնի սահմանամերձ գյուղում

Փետրվարի 5-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել: Բարսեղյանների ընտանիքը մեկ օրում համալրվել է 3 արու զավակով: Բժշկական կենտրոնի ծնարանի բաժանմունքի վարիչ Տիգրան Հովհաննիսյանն իր պրակտիկայում եռյակների հաճախ է հանդիպել, սակայն այս դեպքը եզակի է համարում: «Եզակի դեպք է այն առումով, որ հղիությունը կայացել է բնական ճանապարհով: Բազմապտուղ հղիություն սովորաբար լինում է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով: Առհասարակ, եռյակները միայն կեսարյան հատման ճանապարհով են ծննդալուծվում, սա էլ բացառություն չէր: Ծնվել են 3 նորածիններ՝ 2600, 2500 և 1700 գրամ քաշերով: 3-ն էլ գտնվում են մոր հետ համատեղ կացության սենյակում: 4-ի վիճակն էլ գնահատվում է բավարար»,- ասաց բժիշկը:

ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոնի ծնարանի բաժանմունքի վարիչ Տիգրան Հովհաննիսյան«Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անահիտ Անանյանը, ով վարել է Անժելայի հղիությունը, նշեց, որ երիտասարդ կնոջը հսկել են առանձնահատուկ ուշադրությամբ: Հիմա էլ առանձնահատուկ հսկողության տակ է 3-րդ փոքրիկը, ով 1700 գրամ քաշով է ծնվել: «Իմ պրակտիկայում սա 2-րդ դեպքն է, երբ առանց միջամտության հղիության արդյունքում եռյակ է ձևավորվում: Այստեղ մեծ դեր ունի նաև ժառանգականությունը, քանի որ երկու կողմից էլ տատիկները զույգեր են»:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անահիտ Անանյան25-ամյա Անժելայի համար սա երկրորդ հղիությունն էր: Առաջին հետազոտության ժամանակ բժշկի վարկածը, թե 3 պտուղ է զարգանում, Անժելային անկանկալի է բերել, հետագայում ուլտրաձայնային հետազոտությունը փաստել է՝ մոր արգանդում եռյակ է զարգանում: «Տևական ժամանակ է, ինչ բժիշկների հսկողության տակ եմ գտնվում: Կարևորը՝ 3-ն էլ առողջ են: Ծննդաբերությունից մի քանի ժամ հետո արդեն կերակրել եմ փոքրիկներին»:

Երիտասարդ ընտանիքի ավագ որդին 5-ամյա Արարատն է, ով արդեն որոշել է եղբայրների անունները՝ Արամ, Վահե ու Վաչե: Որոշ ժամանակ բժիշկների հսկողության տակ գտնվելուց հետո եռյակն ու արդեն բազմազավակ մայրիկը հիվանդանոցից դուրս կգրվեն:

Երիտասարդ ընտանիքը 4 արու զավակ կմեծացնի սահմանամերձ գյուղումԲարսեղյանների ընտանիքը Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղից է: Լրագրողների հարցին, թե դժվար չի՞ լինի, արդյոք, սահմանամերձ գյուղում 4 տղա մեծացնել, Անժելա Մնացականյանը պատասխանեց. «Ոչ թե դժվար է, այլ անհրաժեշտ է, որ Ոսկեվան գյուղում մեծանան արու զավակներ»:

+374 10 47 11 00
QR
Price list QR