19.02.15 թ. 36 ամյա հիվանդ Մ.Ջ.-ն «Էրեբունի» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի բաժանմունք է դիմել սրունքաթաթային հոդի ցավերի և շարժումների սահմանափակումների գանգատներով: Անամնեզում առկա են պճեղների կոտրվածքների հետևանքով կրկնակի վիրահատություններ, 6 ամիս անց՝ մետաղական ներդիրների հեռացում: Պացիենտի մոտ վերոնշյալ միջամտություններից հետո գանգատները չէին դադարել:
Պացիենտը հետազոտվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի բաժանմունքում, ինչի հիման վրա 20.02.15թ. բաժանմունքի առաջատար օրթոպեդ Հրաչյա Հարությունյանի կողմից միջամտություն է իրականացվել` սրունքաթաթային հոդի արթրոսկոպիա: Արդյունքում բացահայտվել է I°-II° Վեգոսկրա-Թիբիալ հոդի խոնդրոպաթիա, արթրոպաթիա՝ սրունքաթաթային հոդի իմպիչմենթի առաջացմամբ, արթրոֆիբրոզ, և իրականացվել աճառի վնասված հատվածների արթրոսկոպիական դեբրինթմենթ, ֆիբրոզային փոփոխություններով հյուսվածքների հեռացում:
Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդացումների, հիվանդը երկրորդ օրը սկսել է քայլել՝ հենվելով միայն մեկ ձեռքի վրա:Հետվնասվածքային ախտահարումների դեպքում՝ հատկապես պճեղների կոտրվածքներից հետո, սրունքաթաթային հոդի արթրոսկոպիան հնարավորություն է տալիս հասնել օպտիմալ արդյունքների:
Նման վիրահատությունները, ի տարբերություն ծնկային հոդի արթրոսկոպիայի, Հայաստանում հազվադեպ է իրականացվում, չնայած սրունքաթաթային հոդի հետվնասվածքային խնդիրները ոչ պակաս տարածված են:
Սույն նկարագրության նպատակը Հայաստանում սրունքաթաթային հոդի արթրոսկոպիայի մասսայականացումն է, որը կնպաստի պացիենտների մոտ հոդի հետվիրահատական ախտահարումների վերականգնմանը, ցավային համախտանիշի վերացմանը, կկանխի սրունքաթաթային հոդի խոնդրոպաթիայի հետագա զարգացումը: Արդյունքում հիվանդը կարող է վերադառնալ նորմալ կյանքի՝ առանց ցավի: