2016 թ. հունվարին առաջին անգամ Հայաստանում Էրեբունի ԲԿ-ում իրականացվեց հղի կնոջ նյարդավիրաբուժական միջամտություն:
Հիշեցնենք, որ 13.01.16 թ. հղի կինը ընդունվել է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք ծանր կոմատոզ վիճակում: Լաբորատոր և կլինիկական հետազոտություններից հետո, այդ թվում նաև գլխուղեղի ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) ախտորոշվեց՝ 25 շաբաթական հղիություն, էպիլեպսիա, հսկայական արտերիովենոզ մալֆորմացիա ճակատագագաթային շրջանում, հեմոռագիկ տիպի ՈՒԱՇՍԽ (ուղեղի արյան շնջանառության սուր խանգարում): Օկլյուզիոն հիդրոցեֆալիա, ցնցումային սինդրոմ: Հրավիրվեց կոնսիլիում և հենց նույն օրը նյարդավիրաբուժական կլինիկայի ղեկավար բ.գ.դ., պրոֆեսոր ՄԱ Եղունյանի և նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար բ.գ.թ. ՎԳ Համբարձումյանի կողմից կատարվեց շատ բարդ վիրահատություն՝ ձախ քունքային ճակատա-գագաթային շրջանի դեկոմպրեսիոն ռեզեկցիոն տրեպանացիա ներուղեղային հեմատոմայի հեռացումով:
Վիրահատությունից հետո հղի կինը ստացավ համապատասխան բուժում նյարդաբանական բաժանմունքում: Վիճակի բարելավման և կայունացման հետ կապված, նա դուրս գրվեց ամբուլատոր հսկողության տակ:
2 ամիս անց, հղիութան 34-րդ շաբաթում ծննդատան տնօրեն բ.գ.թ. ԱՊ Պողոսյանի կողմից կատարվեց կեսարյան հատումով վիրահատություն: Չնայած բարդությունների ռիսկային գործոնի առկայությանը, վիրահատության ընթացքը անցավ սահուն: Վաղաժամ ծնված տղա երեխայի քաշը 1700 գր է:
Ամենակարևոր գործոնն այն է, որ հնարավոր դարձավ երկարաձգել հղիությունը մինչև այն ժամկետ, որն անհրաժեշտ է կենսունակ երեխա ծնվելու համար:
Հետվիրահատական ընթացքը անցավ հարթ: Ծննդկանը և երեխան դուրս գրվեցին բավարար վիճակում գինեկոլոգի և նյարդաբանի հսկողության տակ:
Այսօր՝ մի քանի ամիս անց, մայրը և երեխան իրենց լավ են զգում; Ծնվելուց երեխայի քաշը՝1.5 կգ էր, իսկ այսօր արդեն 4.5 կգ է, զարգացումը ընդհանում է նորմալ: Իսկ երիտասարդ մորը դեռ սպասվում է ևս մեկ վիրահատություն; գանգի ոսկրի դեֆեկտի պլաստիկա և վերականգնողական բուժում: