Loading

«Ամենատպավորիչ դեպքերն ինձ համար ուռուցքների կանգը կամ անհետացումն է` առանց որևէ բուժման կամ միջամտության». Վալենտին Դզյուբան

16.04.2014

«Ամենատպավորիչ դեպքերն ինձ համար ուռուցքների կանգը կամ անհետացումն է` առանց որևէ բուժման կամ միջամտության». Վալենտին Դզյուբան

Բելառուսի ազգային ուռուցքաբանության կենտրոնի ճառագայթաբանության ծառայության ղեկավար Վալենտին Դզյուբանը մի քանի օր շարունակ «Էրեբունի» բժշկական կենտրոնում համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ իրականացնում էր ախտորոշիչ հետազոտություններ, ում հետ զրուցեցինք համակարգչային տոմոգրաֆիայի առանձնահատկությունների, առավելությունների և այդ ուղղության մեջ վերջին մի քանի տարիների ձեռքբերումների մասին:

Կառանձնացնե՞ք համակարգչային տոմոգրաֆիայի 3 կարևոր առավելություն, եթե այն համեմատենք ախտորոշիչ այլ մեթոդների հետ:

– Առավելություն է, որ համակարգչային շերտագրումը տալիս է համապարփակ անատոմիական տեղեկատվություն մարդու ամբողջ օրգանիզմի մասին` ոտնաթաթից մինչև գլուխ: Հաջորդ առավելությունը պատկերի արագ՝ մի քանի վայրկյանում, ստանալն է, որը նպաստում է բուժման օպերատիվ կազմակերպմանը, ինչն օգնում է խուսափել ուշացման դեպքերում հնարավոր մոտակա բարդություններից և բարձրացնում արդյունավետության մակարդակը: Կան հիվանդներ, ում կյանքի համար կարևոր են անգամ վայրկյանները: 3-րդ առավելությունը հստակությունն է: Պատկերի վրա անատոմիական տեղեկատվությունը չափազանց հստակ է: Մենք կարող ենք կետ առ կետ տեսնել մարդու օրգանիզմը` առանց դժվար վերծանության կամ տեխնիկական խնդրի:

Ո՞ր հիվանդությունների դեպքում է տոմոգրաֆիան անխուսափելի:

– Դժվար է միանշանակ պատասխանել, քանի որ կան դեպքեր, երբ համակարգչային շերտագրումն անհրաժեշտություն է, և կան դեպքեր, երբ ցանկալի է: Գլխուղեղի արյան շրջանառության խաթարման դեպքում կաթվածը կանխորոշելու համար համակարգչային շերտագրումն անխուսափելի է: Համակարգչային տոմոգրաֆիան անփոխարինելի է թոքային զարկերակի, թրոմբո-էմբոլիաների, վնասվածքների, կոտրվածքների, մի շարք ուռուցքաբանական խնդիրների դեպքում, երբ անհրաժեշտ է ստույգ պատկեր: Բժշկական շատ քիչ ոլորտներ կան, որտեղ համակարգչային տոմոգրաֆիան լրացուցիչ դեր ունի կամ, առհասարակ, ահրաժեշտությունը չկա:

Բելառուսի ազգային ուռուցքաբանության կենտրոնի ճառագայթաբանության ծառայության ղեկավար Վալենտին ԴզյուբանԻ՞նչ ձեռքբերումներ են գրանցվել համակարգչային տոմոգրաֆիայի ասպարեզում վերջին տարիներին:

– Համակարգչային տոմոգրաֆիայի պատմությունն այնքան էլ երկար չէ: 1973թ. էր, երբ Ռեյմոն Դամադյանը գիտության մեջ ներդրեց նոր ախտորոշիչ էլեկտրասարք՝ համակարգչային տոմոգրաֆիա: 1975 թվականից համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով հնարավոր դարձավ քաղցկեղի ախտորոշումից բացի դիտարկել նաև մարդու ամբողջ օրգանիզմը, սկսվեց համակարգչային տոմոգրաֆիայի զարգացման պատմությունը: Վերջին տարիներին հայտնագործվեց պարույրով աշխատող համակարգչային տոմոգրաֆը, որը թույլ տվեց օրգանիզմն ուսումնասիրել անընդմեջ՝ առանց ընդհատումների: Հետագայում հայտնվեցին մի քանի պարույրանոց տոմոգրաֆները, որոնք ավելի կարճ ու ավելի հստակ դարձրին համակարգչային շերտագրումը: Այսօր տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս հետազոտել մարդու ամբողջ օրգանիզմը 2-3 վայրկյանում:

Ամբողջ աշխարհում հիվանդներն մտահոգող ամենահրատապ խնդիրը մնում է համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում ճառագայթումը …Ի՞նչ առաջընթաց կա այս հարցում:

– Ամերիկայում յուրաքանչյուր 5-րդ քաղաքացին ամեն տարի համակարգչային շերտագրում է անցնում: Եթե բժշկական ճառագայթման այս թիվը շարունակի աճել, (բժշկական ճառագայթման հիմնական աղբյուրը համակարգչային տոմոգրաֆիան է), ապա 20 տարի հետո ԱՄՆ-ում յուրաքանչյուր 50-րդ քաղցկեղը պայմանավորված կլինի բժշկական ճառագայթումով: Ամբողջ աշխարհում համակարգչային տոմոգրաֆիայի զարգացման հիմքում դրված է լուսային ճառագայթման չափաբաժնի նվազումը: Վերջին տարիների ձեռքբերումներից ամենագլխավորը ճառագայթման մակարդակի նվազումն է, որը, եթե համեմատենք 70-ականների հետ, նվազել է մոտ 50%-ով:

Ձեր այցի շրջանակներում նկատած կլինեք, թե Հայաստանում մեծամասամբ ի՞նչ գանգատներով պացիենտներ են համակարգչային շերտագրում անցնում:

– Տարբեր բժշկական հաստատություններում դիմող պացիենտների գանգատները տարբեր են: «Էրեբունի» բժշկական կենտրոնում գերակշռում են կենտրոնական նյարդային համակարգի, գլխուղեղի, գլխուղեղի անոթների հետազոտությունները: Ինչպես ամբողջ աշխարհում, կարևորությամբ հաջորդում են կրծքավանդակի, թոքերի հետազոտությունները:

Համոզված եմ` Ձեր պրակտիկայում եղել են դեպքեր, որոնք տպավորվել են…

– Որպես ուռուցքաբան, իհարկե ամենատպավորիչ դեպքերն ինձ համար ուռուցքների կանգը կամ անհետացումն է` առանց որևէ բուժման կամ միջամտության: Դրանք եզակի դեպքեր են, բայց ապացուցում են մարդու օրգանիզմի անկանխատեսելիությունն ու անսահմանափակ հնարավորությունները:

+374 10 47 11 00
QR
Price list QR