«Էրեբունին» որպես առաջատար բժշկական կենտրոն Կաթվածի հայկական ասոցիացիայի հետ համատեղ առաջին անգամ նեյրոինտենսիվ թերապիայի համաժողով է կազմակերպել, որով ազդարարել է նոր մասնագիտության և նոր ասպարեզի մուտքը Հայաստան` վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ոլորտում հանձնառել զարգացնելու նեյրոինտենսիվ ծառայությունը: Ինսուլտների ինտենսիվ թերապիա, բուժման նվազ ինվազիվ մեթոդներ, ներգանգային ճնշման մոնիտորինգ և վերահսկում, ինչպես նաև ինֆեկցիոն բարդություններ, սրանք են այն հիմանկան թեմաները, որոնք քննարկվում են նեյրոինտենսիվ թերապիայի համաժողովի ժամանակ:
Այստեղ են ինչպես Կանադայից, Միացյալ նահանգներից ժամանած մասնագետներ, այնպես էլ մեր հանրապետության առաջատար բժշկական կենտրոնների ինտենսիվ թերապիայի բժիշկները նյարդաբանները, նյարդավիրաբույժները նաև պաթոլոգները:
NEURO ICU_ն վերակենդանացման, նյարդաբանության, նյարդավիրաբուժության միաձուլումն է, որտեղ մեկտեղվում են մասնագետական գիտելիքներն ու հմտությունները:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի հիմնադիր պրոֆեսոր Հարություն Քուշկյանի աջակցությամբ մեր հայրենակիցներ Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդաբան Միքայել Սկոնի, ինչպես նաև Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր, կաթվածների բուժման կենտրոնի համաղեկավար Վիգեն Բաբիկյան նախաձեռնությամբ վերակենդանացման և ինտեսնսիվ թերապիայի բաժանմունքում NEURO ICU ծառայություն է ստեղծվել, որն այսօր բարձրակարգ բուժօգնություն է մատուցում հիվանդներին:
Մինչ ծառայության ստեղծումը վերակենդանացման բաժանմունքի բժիշկները վերապատրաստվել են աշխարհի լավագույն, այս ոլորտում առաջատար համալսարաններից մեկում` Բոստոնի համալսարանում:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում նոր ծառայության գործունեության այս կարճ ժամանակահատվածում արդեն վեց տասնյակից ավելի հիվանդների նեղ մասնագիտական բարձրակարգ ծառայություններ են ստացել:
Նեյրոինտենսիվ թերապիայի առաջին համաժողովին քննարկվող թեմաների շարքում այսօր արդեն օրակարգում են «Էրեբունու» արդյունքները:
Սա NEURO ICU առաջին, բայց վստահաբար ոչ վերջին հավաքն է Երևանում: «Էրեբունի» բժշկական կենտրոնի նոր ծառայության ընդլայնմանն ու զարգացմանը զուգահեռ մասնագետները խոստանում են նմանատիպ հավաքները ավանդական դարձնել:
Հաջորդ հանդիպմանը«Էրեբունի» բժշկական կենտրոնի վիճակագրությունը կհամադրվի միջազգային տվյալների հետ, աշխարհի առաջատար բժիկների հետ քննության կառնվեն ավելի շատ դեպքեր և բուժման առավել արդյունավետ արդյունքներ:
