Միզաքարային հիվանդությունը՝ ժամանակակից ուրոլոգիայի ամենաակտուալ և հաճախ հանդիպող խնդիրներից մեկն է: Միզաքարային հիվանդության ամենաբարդ տեսակը՝ մարջանաձև քարերի առկայությունն է երիկամներում, որն հանդիպում է 5-25% դեպքերում:
Էրեբունի ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքում միզաքարային հիվանդությունների ժամանակ հիմնական վիրահատական միջամտություններն են՝
• Դիստանցիոն լիտոտրիպսիա
• Էնդոսկոպիկ քարերի փշրում և հեռացում երիկամի խոռոչային համակարգից և միզածորաններից՝ բոլոր մակարդակներում
• Միջմաշկային նեֆրոլիտոտրիպսիա (ՄԼՏ)
• Ներերիկամային ռետրոգրադ վիրաբուժություն՝ լազերային լիտոտրիպսիայի:
Մարջանաձև նեֆրոլիտիազի առանձնահատկությունն այն է, որ նա լցնում է սկահակ-ավազանային համակարգի բոլոր խոռոչները և այդ պատճառով էլ ստանում է մարջանի տեսք: Մարջանաձև քարերը դժվարեցնում են մեզի արտահոսքը, բայց երկար նրան չեն խոչընդոտում, որն նպաստում է նոր, ավելի մանր և մեկուսի զանգվածների գոյացմանը:
Արդյունքում, ձևավորվում են երիկամի մարջանաձև քարեր, որը ծանր պաթոլոգիա է, նենգ՝ իր բարդություններով, և պահանջում է անհապաղ բուժում :
Աստիճանաբար, քարի չափսի մեծացման հետ զուգահեռ, հիվանդը սկսում է գանգատվել գոտկատեղի շրջանում բութ նվացող ցավերից և ծանրության զգացումից: Բայց այդ ախտանիշները այնքան աննկատ են առաջանում, որ մարդը դժվարությամբ, իսկ երբեմն նույնիսկ չի էլ կարող որոշել դրանց ի հայտ գալու ժամանակը:
Այսօր աշխարհում միջմաշկային նեֆրոլիտոտրիպսիան իրեն կայուն դրսևորել է որպես բուժման ստանդարտ մեթոդ այս կարգի հիվանդների շրջանում՝ ապահովելով կլինիկական արդյունավետություն 85-98% դեպքերում:
Էրեբունի ԲԿ-ի ուրոլոգիայի բաժանմունքում միզաքարային հիվանդությունների դեպքում բաց վիրահատություններ չեն կատարվում:
Ներկայումս միջմաշկային նեֆրոլիտոտրիպսիան ճանաչվել է մարջանաձև նեֆրոլիտիազի վիրահատական բուժման հիմնական մեթոդ և կազմում է տվյալ պաթոլոգիայի բոլոր վիրահատական միջամտությունների 99.9%: Էրեբունի ԲԿ-ի ուրոլոգիայի բաժանմունքում տվյալ վիրահատությունը կիրառվում է 2006 թվականից:
Այս կարգի վիրահատություններ կատարելու հիմնական պայմաններից մեկը տեխնիկապես հագեցած վիրահատարանն է, որն իր մեջ ներառում է ռենտգենէնդոսկոպիկ համակարգի առկայությունը, ուլտրաձայնային ախտորոշման սարքը, էնդոսկոպիկ սարքավորումներ, անձնակազմին ռենտգեն ճառագայթումից պաշտպանող համակարգ, համապատասխան դեղորայքի առկայություն, որն անհրաժեշտ է վիրահատությունից հետո հիվանդների վերականգնման համար:
Էրեբունի ԲԿ-ում ռենտգենէնդոսկոպիկ սրահը հագեցած է ժամանակակից Siemens ֆիրմայի (Գերմանիա) Uroskop Access ռենտգենոլոգիական կոմպլեքսով, Siemens ֆիրմայի ուլտրաձայնային ախտորոշիչ սարքով, Richard Wolf (Գերմանիա) էնդոսկոպիկ հենակով, Swiss LITHOKLAST և LITHOKLAST- MASTER (EMS ֆիրմա, Շվեյցարիա) քարերի կոնտակտային մանրացման սարքերով, Richard Wolf ֆիրմայի (Գերմանիա) Megapulse լազերով, Carl Storz ֆիրմայի (Գերմանիա) էնդոսկոպիկ գործիքներով, որոնք թույլ են տալիս հեռացնել քարերը միզուղիների համակարգի ցանկացած մակարդակներից: Վիրահատության դասական տարբերակի կատարումը իրականացվում է փորի վրա պարկած դիրքում:
Էրեբունի ԲԿ-ի ուրոլոգիայի բաժանմունքում արդեն արվել են 1000-ից ավելի նմանատիպ վիրահատություններ: Հիվանդների քաշը կազմում է 55-ից մինչև 158 կգ: 90 % դեպքերում ցավազրկման համար կիրառվում է սպինալ-էպիդուրալ անզգայացում, վերջինս կատարվում է փորձառու բժիշկ-անեստեզիոլոգների կողմից, հեշտ տանելի է հիվանդների կողմից, թույլ է տալիս հետվիրահատական շրջանում երկարաձգել անզգայացման ազդեցությունը:
Ուլտրաձայնային սարքի օգնությամբ իրականացվում է երիկամի խոռոչային համակարգի պունկցիայի հսկողություն, որն զգալիորեն նվազեցնում է հիվանդի և վիրահատող բժիշկի վրա ընկած ճառագայթային ծանրաբեռնվածությունը: Երիկամի խոռոչային համակարգի պունկցիայից հետո ասեղի գլխիկի միջով տեղադրվում է ուղեկցող լարը, որով իրականացվում է հետագա նեֆրոստոմիկ ուղու ձևավորումը:
Պլաստիկ բուժերի օգնությամբ իրականացվում է վերքային ուղու լայնացում և տեղադրվում է Amplatz պատյան, որով անցկացվում է էնդոսկոպիկ գործիք՝ լիտոտրիպտորի զոնդ և կատարվում է կոտրած քարի կտորների հեռացում:
Համակցված լիտոտրիպտորի օգնությամբ իրականացվում է երիկամային քարափշրում և միաժամանակ կտորների հեռացում:Քարի փշրելուց և կտորները հեռացնելուց հետո՝ միզային ադեկվատ հոսքը երիկամների խոռոչային համակարգ ապահովելու նպատակով դրվում է նեֆրոստոմա:
Վիրահատական միջամտության այդ տեսակը թույլ է տալիս երիկամի խոռոչային համակարգից հեռացնել տարբեր չափսի քարեր, քիչ տրավմատիկ է, հիվանդների համար հեշտ տանելի է: Վերականգնման փուլը կազմում է 1-5 օր:
Հետվիրահատական շրջանում պահանջվում է կալցիումի, ֆոսֆորի, տարբեր համեմունքների ցածր պարունակությամբ մեղմ սնուննդ: Մենք հսկողության տակ ենք պահում արդեն մեր մոտ բուժում անցած և ապաքինված հիվանդներին, օգնում ենք նրանց անհատական սննդակարգի ընտրության հարցում: Երիկամի պարբերական պրոֆիլակտիկ հետազոտությունը ապահովում է երկարատև առողջ ապրելակերպ: