Սանկտ - Պետերբուրգի ակադեմիկոս Պավլովի անվան պետական բժշկական համալսարանի ախտորոշման և բուժման ռենտգեն-վիրաբուժական մեթոդների թիվ 1 բաժանմունքի ղեկավար, ինտերվենցիոն սրտաբան Ալեքսեյ Բիրյուկովի հետ «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայության ինտերվենցիոն սրտաբան Արսեն Ծատուրյանը Meril life sciences կազմակերպության աջակցությամբ, նորագույն և ժամանակակից միջամտություն է կատարում` աորտալ փականի ներանոթային հերթական պրոթեզավորումը. 70-անց կնոջը սրտի նոր աորտալ փական է տեղադրվում` առանց կրծքավանդակը բացելու և սրտի արհեստական կանգի: Աորտալ փականի ստենոզը աորտալ փականի նեղացումն է, որը ձախ փորոքի և աորտայի միջև առաջացնելով ճնշման տարբերություն՝ հանգեցնում է սրտային անբավարարության և հանկարծամահության: Աորտալ փականի կրիտիկական նեղացումը հիմնականում հանդիպում է 65 տարեկանից բարձր անձանց շրջանում, 4-5 տոկոս դեպքերում: Հիմնական գանգատները համարվում են հևոցը, կրծքավանդակի ցավը, գլխապտույտը և ուշագնացությունը: Աորտալ փականի նեղացումը ախտորոշում է սրտաբանը` զննության և էխոկարդիոգրաֆիկ հետազոտության միջոցով: Այս հիվանդությունը հնարավոր չէ բուժել դեղերով: Աորտալ փականի ստենոզ՝ կրիտիկական նեղացում ունեցող հիվանդները հիմնականում աորտալ փականի իմպլանտացիայի կարիք են ունեն: Արսեն Ծատուրյանն այս վիրահատությունները արտասահմանցի գործընկերների հետ երկար տարիներ է կատարում: Անգիոգրաֆիկ սարքով ռենտգենյան ճառագայթներով ստացված պատկերների միջոցով ոտքի զարկերակից ներանոթային ճանապարհով հասնելով սրտի աորտալ փականի մակարդակին, տեղադրվում է նոր փականը հին փականի տեղում: Նոր փականը տեղադրելուց հետո ճնշման տարբերությունը վերանում է, հիվանդության նշանները հետ են զարգանում, հիվանդն արագ կազդուրվում է առանց հետվիրահատական լուրջ բարդությունների: Այսօր ժամանակակից աշխարհում տարեցտարի մեծանում է աորտալ փականի ներանոթային պրոթեզավորման դեպքերի թիվը, եվրոպական սրտաբանների ասոցիացիան բուժման նոր ուղեցույցներ է առաջարկում, բժշկությունն այստեղ մեծ քայլերով առաջ է գնում աորտալ փականի նեղացման դեպքերում ներանոթային վիրահատությունների թվի աճով: Այս սկզբունքով է առաջնորդվում նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնը:
