Պացիենտը` Օ. Ի.-ն, ծնված 1992 թ.-ին, 2018 թ. փետրվարի 12-ին, ժամը 02:45 –ի սահմաններում Շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Էրեբունի ԲԿ-ի Անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունք պարզ գիտակցությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, գանգատվելով կրծքավանդակի շրջանի ցավերից: Նշում էր, որ տուժել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Պացիենտի մոտ նախնական ախտորոշվել է` Պոլիտրավմա:
Պացիենտն անհետաձգելի կարգով տեղափոխվեց Ռառիոլոգիայի բաժանմունք համակարգչային շերտագրության և բժիշկ-ռադիոլոգ Ա. Գևորգյանի կողմից նկարագրվեց ներքին օրգանների վնասման և ներքին արյունահոսության պատկեր:
Վիրաբույժների թիմի կողմից պացիենտի մոտ ախտորոշվեց. Զուգակցված կրծքավանդակ-որովայնային վնասվածք: Աջից կողերի կոտրվածքներ: Աջակողմյան գագաթային պնևմոթորաքս: Թոքի բազալ հատվածների վնասվածք: Կրծոսկրի մարմնի միջին երրորդականի կոտրվածք: Հեմոպերիկարդ: Սրտի տամպոնադա: Սրտի սալջարդ: Լյարդի պատռվածք: Ներքին արյունահոսություն: Հեմոպերիտոնեում, ինչը հնարավորություն տվեց մշակել պացիենտի վարման հետագա փուլային տակտիկան և փրկել նրա կյանքը:
Ժամը 03:10-ի սահմաններում պացիենտը տեղափոխվեց Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ ինտուբացվեց: Ժամը 03:20-ի սահմաններում անհապաղ կերպով տեղափոխվեց վիրահատարան: Պացիենտի փուլային վիրաբուժական միջամտության անեսթեզիոլոգիական ապահովումը իրականացրեց Անեսթեզիոլոգիայի բաժանմունքի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ա. Չերքեզյանը:
Անցկացվեց ներվիրահատական խորհրդատվություն Ընդհանուր և կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար բ.գ.դ., պրոֆեսոր Ա. Հովհաննիսյանի և Սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար բ.գ.թ. Վ. Գասպարյանի հետ:
Ընդհանուր և կրծքային վիրաբուժության բաժանմունքի կրծքային վիրաբույժ Ա. Մարտիրոսյանը և սրտային վիրաբուժության բաժանմունքի սրտային վիրաբույժ Ա. Սևոյանը կատարեցին ստերնոտոմիա և պերիկարդիոտոմիա (պերիկարդի խոռոչը լցված էր ~ 1 լ թարմ արյունով և արյան մակարդուկով): Այն հեռացնելուց և հետագա ռեվիզիայից հետո հայտնաբերվեց արյունահոսության աղբյուրը` սրտի աջ ականջիկի պատռվածք անցումով աջ նախասիրտ, և կատարվեց պատռվածքի կարում: Վիրահատության առաջին փուլը ավարտվեց միջնորմի և աջ պլևրալ խոռոչի դրենավորմամբ:
Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ավագ վիրաբույժ Տ. Առաքելյանի և նույն բաժանմունքի վիրաբույժ Ս. Սահարյանի կողմից իրականացվեց վիրահատության երկրորդ փուլը՝ լապարոտոմիա: Որովայնի խոռոչի ռեվիզիայի ժամանակ հայտնաբերվեց մոտ 250 մլ արյուն, կարվեցին լյարդի ստոծանային մակերեսի պատռվածքները: Կատարվեց աջ ստորստոծանիական և կողմնային տարածության, ինչպես նաև փոքր կոնքի խոռոչի դրենավորում աջից:
Այս տեսակի բարդ փուլային վիրահատությունների ժամանակ անեսթեզիոլոգիական ապահովումը շատ կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս վիրաբույժների թիմին ճշգրիտ և հանգիստ ցուցաբերել բարձորակ վիրաբուժական օգնություն:
Վիրահատությունից հետո պացիենտը տեղափոխվեց Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ անցկացրեց 3 օր, այնուհետև հետագա բուժման նպատակով տեղափոխվեց Ընդհանուր և կրծքային վիրաբուժության բաժանմունք:
2018թ. փետրվարի 24-ին պացիենտը դուրս գրվեց հիվանդանոցից բավարար վիճակում: Վերը նկարագրված դեպքում վնասվածքների զուգակցումը (հատկապես սրտի վնասվածքի) բժշկական պրակտիկայում հազվադեպ հանդիպող և բարդ երևույթ է և շատ հաճախ անհամատեղելի են կենսական կարևոր ցուցանիշների հետ: Էրեբունի ԲԿ-ի բժշկական տարբեր ոլորտի մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը և թիմային աշխատանքը, ժամանակին ցուցաբերած առաջին բուժօգնությունը, ճշգրիտ ախտորոշումը, ինտենսիվ թերապիան և փոխհամաձայնեցված բուժական տակտիկան փրկեցին ևս մի կյանք: