Արդեն մեկ տարի է, ինչ հանրապետությունում գործում է սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը: 2019 թ. փետրվարի մեկից այս ծրագրով «Էրեբունի» ԲԿ-ում բուժօգնություն է ստացել 345 հիվանդ: Հարկ է նկատել, որ պետական պատվերով, լիովին անվճար, հնարավորինն արագ հիվանդներն անցել են լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտությունները, մասնավորապես, համակարգչային տոմոգրաֆիա և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա: Անհրաժեշտության դեպքում, հենց ախտորոշման ընթացքում իրականացվել է թրոմբոլիզ՝ դեղով թրոմբի քայքայման միջամտություն, գլխուղեղի անոթների և ուղեղի անոթների ախտորոշիչ ցերեբրալ անգիոգրաֆիա, ինչպես նաև թրոմբէկտոմիա՝ ուղեղը սնուցող անոթից թրոմբի հեռացման վիրահատություն: Դեռևս 2014 թվականից «Էրեբունի» ԲԿ-ում գործում է կաթվածի կենտրոն, որը սերտորեն համագործակցում է կանադահայ հայտնի նյարդաբան, Ալբերթայի համալսարանի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Միքայել Սկոնի, ինչպես նաև ԱՄՆ-ում այդ ոլորտում մեծ հաջողություններ գրանցած մեր հայրենակիցների հետ: Տարիների ընթացքում ձեռք բերված թիմային աշխատանքի փորձի, ինչպես նաև նոր դեղամիջոցի կիրառման և, ամենակարևորը, տեխնիկական հագեցվածության շնորհիվ հնարավոր եղավ պետական ծրագիրն իրականացնել նման մակարդակով՝ արձանագրվելով աննախադեպ բարձր ցուցանիշներ, նույնիսկ գերազանցելով սպասելիքները: Այսպիսով, կաթվածի թիմի նյարդաբանները և ցերեբրովասկուլյար նյարդավիրաբույժներն աշխատում են 24-ժամյա հերթապահությամբ, շուրջօրյա 044300800 հեռախոսահամարի միջոցով նախ կազմակերպում հերթական հիվանդի արագ և անվտանգ տեղափոխումը բժշկական կենտրոն, այնուհետև, միջազգային չափորոշիչներին համապատասխան ժամկետներում իրականացնում սուր իշեմիկ ինսուլտի ախտորոշումն ու բուժումը: