Անևրիզման անոթային պատի սահմանափակ հատվածի լայնացումն է: Անևրիզմայի առավել հաճախ հանդիպող պատճառը ճարպային մասնիկների կուտակումն է անոթային պատի վրա: Ժամանակի ընթացքում անոթի պատը կորցնում է իր առաձգականությունը, և նորմալ զարկերակային ճնշումը կարող է անևրիզմայում բերել անոթի պատռվածքի: Էնդոպրոթեզն (ստենտ-գրաֆտ) իրենից ներկայացնում է մետաղական շրջանակ՝ պատված հյուսվածքային պոլիէսթերային խողովակով, որը տեղադրվում է անևրիզմայի մեջ՝ առանց ախտահարված անոթի շրջակա հյուսվածքների վրա վիրահատական միջամտության: Նման այլընտրանքային բուժումը կարող է կիրառվել այն հիվանդների մոտ, ում այս կամ այն պատճառով հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարել: Ստենտ-գրաֆտը կիրառվում է անոթի թուլացած պատի ամրացման նպատակով՝ կանխելով անևրիզմայի պատռվածքը:
Ենթաանրակային զարկերակի անևրիզմա Ստենտ-գրաֆտի դիրքավորումը
Հիվանդ Կ.Խ., 59 տարեկան, 15.09.2015թ ընդունվել է «Էրեբունի» ԲԿ Սրտի և պարանոցի անոթների վիրաբուժության ծառայության բաժանմունք՝ (հիվանդը 2014 թ. փետրվարին վիրահատվել է. կատարվել է ենթաանրակային զարկերակի անևրիզմայի ռեզեկցիա՝ Վասկուտեկ 8մմ անոթային պրոթեզով պրոթեզավորմամբ) անրակի շրջանում, հետվիրահատական վերքի հատվածում պուլսացող գոյացության և արյունային արտադրության գանգատներով: Անոթագրության տվյալներով տեղադրված պրոթեզի մոտակա և հեռակա շրջաններում հայտնաբերվել են երկու կեղծ անևրիզմաներ: Սրտի և պարանոցի անոթների վիրաբուժության ծառայության ղեկավար, բ.գ.դ., Մ.Պ. Շատախյանի և միջամտական սրտաբան Ա.Ա. Ծատուրյանի կողմից որոշում կայացվեց ստենտ-գրաֆտով պատված ստենտավորում իրականացնել՝ ստենտավորման մեջ ընդգրկելով կեղծ անևրիզմաները:
Ստենտի բացում
07.10.15թ. միջամտական սրտաբան Ա. Ծատուրյանի կողմից կատարվել է վիրահատություն՝ աջ ենթաանրակային զարկերակի ընտրողական անոթագրություն: Աջ ճաճանչային մուտքով ենթաանրակային զարկերակ է անցկացվել 8 մմ տրամագծով, 59 մմ երկարությամբ ստենտ-գրաֆտ, որն՝ անգիոգրաֆիկ հսկողության տակ, ազդրային մուտքով իմպլանտացվել էր անևրիզմատիկ լայնացման շրջանում: Ստենտ-գրաֆտն իրենից ներկայացնում է սովորական ստենտ, որը պատված է տեֆլոնային թաղանթով և նախատեսված է անոթային թափածակումների ու անոթային անևրիզմաների փակման համար: Կրկնակի անոթագրության տվյալներով՝ ստենտ-գրաֆտը լիովին փակել է անևրիզմայի լուսանցքը (ինչը երևում է լուսանկարներում): Ընդ որում, արյունահոսքն աջ ողնաշարային և ներքին կրծքային զարկերակներում խանգարված չէր:
Ստենտ-գրաֆտի իմպլանտացիայից հետո Բրախիոցեֆալ ցողունի սուբտրակցիոն անոթագրություն
Հիվանդը դուրս է գրվել վիրահատության երկրորդ օրը՝ բավարար վիճակում: Նմանատիպ միջամտություն Հայաստանում առաջին անգամ է իրականացվել, և հնարավոր է կատարել միայն բազմապրոֆիլ կլինիկայի բարձր մանագիտացված ստացիոնարի պայմաններում: