Հովհաննես Մխիթարյան, 46 տարեկան, ախտորոշումը` միզապարկի քաղցկեղ, 2-րդ փուլ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել է ռոբոտային վիրաբուժական համակարգով:
Նա իր առողջական խնդիրների մասին իմացել է դեռևս 2021 թվականից, բժշկական որոշակի միջամտություններ անցել, սակայն հետևողական չլինելու պատճառով մի քանի տարի անց պարզել, որ միզապարկի քաղցկեղ ունի: Որպես միակ ելք նրան բազմիցս առաջարկվել է միզապարկի և շագանակագեղձի հեռացում` բաց եղանակով: Սակայն վախենալով վիրահատության ենթադրյալ հետևանքներից` վիրահատվելու որոշում այդպես էլ չի կարողացել կայացնել: Բաց եղանակով կատարվող վիրահատության հանդեպ վախը օրն օրի ավելի անորոշ ու անտարբեր է դարձրել նրան, սակայն ամեն ինչ միանգամից փոխվել է, երբ իմացել է, որ արդեն կարող է վիրահատվել ռոբոտային վիրաբուժական համակարգով:
Հայաստանում առաջին անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնի օնկոուրոլոգիական ծառայության ղեկավար Արման Ծատուրյանը ռոբոտային վիրաբուժական համակարգով միզապարկի արմատական հեռացում` ցիստեկտոմիա է կատարում: Աղիքից նոր միզապարկ ձևավորում` ամբողջությամբ ռոբոտային վիրաբուժական համակարգով:
Արման Ծատուրյանը հակիրճ ներկայացնում է իր կատարած բարդագույն վիրահատության ընդհանրական փուլերը, սակայն վայրկյանների ընթացքում դժվար է նկարագրել այն տիտանական աշխատանքը, որն իրականում ինը ժամ է տևել է:
Սա, իրավամբ առաջին, սակայն ոչ վերջին վիրահատությունն է միզապարկի արմատական հեռացում` ցիստեկտոմիան` ռոբոտային վիրաբուժական համակարգով: «Էրեբունի» բժշկական կենտրոնի զարգացման ռազմավարական առաջնահերթությունների շարքում է վիրաբուժությունում ռոբոտային համակարգի ամբողջությամբ ներդրումը և ընդլայնումը, նոր ու այլ բարդագույն վիրահատությունների իրականացումը:
