«Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական բաժանմունքի ղեկավար Միհրան Մարտիրոսյանը սրտի ռիթմավար անլար սարք է տեղադրում ութսուն տարեկան կնոջ, ով սրտի դանդաղ ռիթմ՝ բրադիկարդիա ախտորոշում ունի: Երկարատև բուժումներից հետո որոշվել է կատարել իմպլանտացիա՝ առանց լարերի և առանց մաշկի տակ սարք տեղադրելու: Անգիոգրաֆիկ սարքով, ներանոթային եղանակով ազդրի երակով բարձրանալով բժիշկ Մարտիրոսյանը ութսունամյա կնոջ սրտի աջ փորոքում կաթետերի օգնությամբ սրտի անլար նոր ռիթմավար է տեղադրում, որը հատուկ պտուտակաձև մեխանիզմի միջոցով ամրացնում է սրտի պատին, ինչն ապահովում է կայուն դիրք և հետագայում անհրաժեշտության դեպքում այն հանելու հնարավորություն տալիս։ Տեղադրված սարքը մշտապես հետևում է կնոջ սրտի ռիթմին, դանդաղելու ժամանակ էլեկտրական ազդակ ուղարկում սրտի աշխատանքը կարգավորելու համար։ «Էրեբունի» բժշկական կենտրոնը հավատարիմ մնալով իր «Միշտ առաջ» կարգախոսին մշտապես ձեռք է բերում լավագույն սարքավորումներ, ներդնում է նոր տեխնոլոգիաներ, զարգացնում ծառայությունները, որպեսզի առաջադեմ և բարձրակարգ բժշկական օգնություն կարողանա մատուցել միշտ և բոլոր ոլորտներում: Հիրավի սրտի անլար այս ռիթմավար սարքերը, որոնք արդեն երկար ժամանակ կիրառվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում, այսօր լավագույն են աշխարհում: Սա ապագայի տեխնոլոգիական գործիք է, որն արդեն հաջողությամբ ներդրվել է Հայաստանում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, և հիվանդներին հնարավորություն է տալու օգտվելու բժշկագիտության վերջին ձեռքբերումներից:
