«Էրեբունի» բժշկական կենտրոնը ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի , «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա»-ի հետ համատեղ նշել է օրը, եւ Հյուսիսային պողոտայի ու Աբովյան փողոցի խաչմերուկում առավոտյան ժամը 10-ից անցորդների ուշադրությունն է հրավիրել ինսուլտի կանխարգելման և, առահասարակ, առողջ ապրելակերպի խնդիրների վրա:«Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմի մասնագետները «Հերացի» համալսարանական կլինիկայի կաթվածի թիմի հետ զրուցում էին անցորդների հետ, չափում զարկերակային ճնշմումը , արյան մեջ որոշում գլուկոզայի մակարդակը, հարցաշարի միջոցով գնահատում ինսուլտի ռիսկերը, կատարում քնային զարկերակի դուպլեքս հետազոտություններ:
Առողջական վիճակի գնահատումից բացի անցորդներին տրվում էին իրազեկող բուկլետներ, կաթվածի ռիսկի գործոնների նվազեցման խորհուրդներ, այդ թվում, թե ինչ նշաններով է պետք ճանաչել ինսուլտը և ինչ անել առաջին նշանների դեպքում:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի մեկից ՀՀ առողջապահության նախարարությունը ներդրել է սուր իշեմիկ կաթվածի պետական ծրագիրը, որով քաղաքացիներն անվճար բուժվում են պետպատվերի շրջանակում:
«Էրեբունի» ԲԿ-ում կաթվածի բուժման համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Կաթվածի թիմն աշխատում է 7 օր, 24 ժամ, բուժկենտրոնը համալրված է վերջին սերնդի համակարգչային եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆներով:
Ծրագրի շրջանակում կատարվում է համակարգչային եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, տրոմբոլիզ եւ/կամ տրոմբէկտոմիա: Փետրվարի 1-ից մինչ այժմ ինսուլտի պետական ծրագրով «Էրեբունի» ԲԿ է դիմել 254 քաղաքացի: