Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արամ Բադալյանի հեռախոսահամար +374 77 03 03 77
Անոթային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում է աորտայի, մագիստրալ զարկերակների և երակների տարբեր ախտահարումներով հիվանդների բուժում: Առաջնահերթ խնդիրներից է աորտայի, նրա ճյուղերի և վերջույթների զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարման բուժումը: «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեխնոլոգիական մեծ հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել ախտորոշիչ նորագույն հետազոտություններ և վիրահատություններ:Աորտայի ամենավտանգավոր հիվանդություններից է աորտայի անևրիզման՝ աորտայի պատի սահմանափակ լայնացումը կամ ամբողջ աորտայի տարածուն մեծացումը: Ըստ տվյալների՝ չվիրահատված հիվանդների ավելի քան 60%-ը մահանում է որովայնային աորտայի անևրիզմայի ախտորոշման առաջին 1-2 տարիների ընթացքում՝ պատռվածքի հետևանքով: Հիվանդության ամենաբնորոշ ախտանշաններն են որովայնի շրջանում բութ և նվացող ցավերը: Ցավերը կարող են կրել մշտական կամ պարբերական բնույթ՝ առավելապես տեղակայվելով պորտի կամ որովայնի ձախ կեսի շրջանում, հաճախ ճառագայթվելով դեպի գոտկային շրջան: Տվյալ ախտաբանության համար ամենամատչելի և հուսալի, հիվանդների համար ամենաանվտանգ մեթոդն ուլտրաձայնային հետազոտությունն է: Վերջնական ախտորոշումը հաստատվում է կոնտրաստ անգիոգրաֆիայի տվյալներով: Տվյալ ախտաբանության հայտնաբերման դեպքում իրականացվում է վիրահատական բուժում՝ աորտայի անևրիզմայի ռեզեկցիա և սինթետիկ պրոթեզով պրոթեզավորում: Վիրահատական բուժման համար տարիքային հակացուցում չկա: Քնային զարկերակների նեղացման դեպքում նույնպես հաջողությամբ իրականացվում են միջամտություններ՝ զակերակի պլաստիկայով կարոտիդային էնդարտերէկտոմիա, էվերսիոն էնդարտերէկտոմիա, որոնց շնորհիվ հիվանդների մոտ նվազում է կաթվածների զարգացման ռիսկը: Ստորին վերջույթների զարկերակների խցանող աթերոսկլերոզն արտահայտվում է «ընդմիջվող կաղության» համախտանիշով՝ քայլքի ժամանակ ձկնանման մկաններում ցավերի առաջացմամբ, իսկ հանգստի ժամանակ՝ անհետացմամբ: Սա ստորին վերջույթների զարկերակների կամ աորտայի բիֆուրկացիայի խցանմանը բնորոշ ախտանշան է: Ձեռքերում նմանատիպ ցավերի առկայությունը վկայում է վերին վերջույթների զարկերակների ախտահարման մասին: Շատ կարևոր է վաղ ախտորոշումը և բուժումը: Այս ախտաբանության բուժման նպատակով տարբեր ռեկոնստրուկտիվ վիրահատություններ են իրականացվում աորտայի, զստային և ոտքերի զարկերակների վրա: Ստորին վերջույթների երակային համակարգում թրոմբոզների առկայության և թրոմբի միգրացիայի բարձր ռիսկի դեպքում կիրառվում է ժամանակավոր կամ մշտական կավա-ֆիլտրի տեղադրում: Այս միջամտությունը թույլ է տալիս հաջողությամբ կանխել մահացու վտանգավոր թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան: Ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացումը մարդու երակային համակարգի ամենատարածված հիվանդություններից է: Հիվանդների 15-20%-ի մոտ վարիկոզ հիվանդության ուշ փուլերում առաջանում են տրոֆիկ խոցեր, վարիկոզ էկզեմա, թրոմբոֆլեբիտներ: Վարիկոզ հիվանդության զարգացման դեպքում բուժման արմատական եղանակը վիրահատությունն է՝ կոսմետիկ մաշկային կարերի տեղադրմամբ: Որպես բուժման այլընտրանքային եղանակ հաճախ դիտարկվում է ֆլեբոսկլերոզացնող թերապիան և պերկուտան լազերային կոագուլացիան, որոնք իրականացվում են փոքր տրամաչափի անոթների վրա, քիչ տրավմատիկ են, իրականացվում են ամբուլատոր և կոսմետիկ լավ արդյունք են ապահովում: Բաժանմունքում կիրառվում է ենթամաշկային երակների ներերակային լազերային կոագուլացիան, որը հնարավորություն է տալիս կատարել լիարժեք միջամտություն՝ առանց կտրվածքների, հասնելով առավելագույն կոսմետիկ արդյունքի: Բացի այդ, վարիկոզ հիվանդության վաղ շրջանում բաժանմունքում լայնորեն կիրառվում է տվյալ հիվանդության բուժման անարյուն եղանակ՝ թափածակված երակների պունկցիոն լազերային կոագուլյացիա: