Loading

Լապարոսկոպիկ պրոստատէկտոմիա

23.01.2023

«Էրեբունի» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքում կատարվում են  փակ` լապարոսկոպիկ վիրահատություններ, որոնք փոխարինում են  նախկինում  ավանդաբար կատարվող բաց  վիրահատություններին: Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում  ևս պրոստատէկտոմիաները իրականացվում են լապարասկոպիկ եղանակով: 
Այժմ ուրոլոգիական կլինիկայի ղեկավար բժշկական գիտությունների դոկտոր Սերգեյ Ֆանարջյանը և բաժանմունքի ղեկավար Տիգրան Կարապետյանը ծառայությունում ներդնում են բուժման և վիրահատական նոր ուղեցույցներ ու մեթոդներ, բաժանմունքի ուրոլոգները մշտապես վերապատրաստվում են աշխարհի առաջատար կլինիկներում: Վերջերս «Էրեբունի» ԲԿ-ի ուրոլոգների թիմին է միացել երիտասարդ բժիշկ Արման Ծատուրյանը, ով  պահպանելով ծառայության  ավանդույթները նոր շունչ  և  հնարավորություններ է փոխանցում: Բժիշկը ուրոլոգիական լապարասկոպիկ վիրահատություններ է կատարում, որով հիվանդներին հնարավորություն է տրվում հեշտորեն հաղթահարել հետվիրահատական շրջանը:
Հունաստանի Պատրաս Patras համալսարանական կլինիկայի պրոֆեսոր, եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի լապարոսկոպիկ տեխնոլոգիաների ղեկավար Պանայոտիս Կալիդոնիսը   և Արման Ծատուրյանը «Էրեբունի» ԲԿ-ում կատարել են բարդագույն վիրահատություններ, պրոստատէկտոմիաներ՝ շագանակագեղձի հեռացում,  լապարոսկոպիկ եղանակով:  
Մինչ այժմ կատարված  լապարասկոպիկ բոլոր վիրահատություններն անցել են առանց հետվիրահատական բարդությունների:
Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակներից է,  որն ի հայտ է գալիս հիմնականում 40 տարեկանից հետո, իսկ մահացության վիճակագրական սանդղակում շականակագեղձի քաղցկեղը երկրորդն է: Այն հիմականում առանց ախտանիշերի է զարգանում և տղամարդը նույնիսկ չի էլ կասկածում, որ քաղցկեղ ունի: Իսկ  բժշկի  հիմնականում դիմում   է հիվանդության վերջին փուլերում, երբ վիրահատական միջամտություններ այլևս չեն ցուցվում: Վիրահատում են  միայն այն դեպքերում, երբ համոզվում են, որ քաղցկեղը չի  տարածվել:  
Վաղուց հայտնի է` լապրոսկոպիկ վիրահատությունները մի շարք առավելություններ ունեն. հիվանդները բժշկական կենտրոնից դուրս են գրվում երրորդ օրը՝ առանց հետվիրահատական լուրջ խնդիրների, ցավերի: Շագանակագեղձը լապարասկոպիկ եղանակով  հեռացնելու առավելությունները անհամեմատ շատ են, իսկ  տղամարդու կյանքի որակի պահպանման առումով  անգնահատելի:
«Էրեբունի» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքում հիվանդներին առաջարկվում է լապարոսկոպիկ եղանակով կատարվող վիրահատությունների ամբողջ շղթան:  Ուրոլոգիական բաժանմունքի վիրասրահը հագեցած է  վիրահատական և  լապարոսկոպիկ անհրաժեշտ սարքերով, գործիքներով, ինչը թույլ է տալիս ցուցաբերել բարձրակարգ բուժօգնություն՝ նվազագույն բարդություններով և առավելագույն արդյունքներով: 
Շագանակագեղձի քաղցկեղից խուսափելու համար  մասնագետները  խորհուրդ են տալիս  տարին մեկ անգամ անցնել ուրոլոգիական համալիր հետազոտություններ, խորհրդակցել մասնագետների հետ և  մշտապես հետևել  նրանց խորհուրդներին:
 

 

 Լապարոսկոպիկ պրոստատէկտոմիա
Feedback
+374 10 47 11 00
QR
QR