«Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունը հիմնադրվել է 2003 թվականինև կրում է մեր հայրենակից, ՌԴ ակադեմիկոս Բագրատ Գեղամի Ալեքյանի անունը:
Ծառայությունում ստեղծված են սրտանոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման, միջամտական գործողությունների իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Սրտի կորոնար անոթների ստենտավորումների առումով «Էրեբունի» ԲԿ հանրապետության առաջատարն է, կատարվող միջամտությունների 45% սուր ինֆարկտի դեպքերն են:
Անգիոգրաֆիան սրտի և անոթների կոնտրաստային ռենտգենաբանական հետազոտության տեսակ է, որն իրականացվում է արյունատար անոթների անցանելիության խանգարման ախտորոշման և գոյություն ունեցող ախտաբանության ներանոթային վերացման նպատակով:
Անգիոգրաֆիկ ծառայությունում կատարվում են հանրապետությունում բացառիկ միջամտություններ:
Ծառայությունում իրականացվում են
- արյունատար անոթների խցանման կամ նեղացման տեղակայման որոշում
- ներսրտային արյան մեջ թթվածնի խտության որոշում՝ օքսիմետրիա (հեմոդինամիկայի գնահատում)
- ներսրտային արյան ճնշման չափում
- սրտի հյուսվածքներից նմուշի ստացում (բիոփսիա)՝ հետագա հետազոտության նպատակով
- սրտի բնածին արատների հայտնաբերում
- սրտի կծկողական ֆունկցիայի գնահատում
- սրտի փականների վիճակի գնահատում
- աորտայի և ծայրամասային անոթների կոնտրաստային վիզուալիզացիա
- աորտայի և նրա ճյուղերի անգիոգրաֆիա
- քնային զարկերակի և ներուղեղային զարկերակների անգիոգրաֆիա
- երիկամային զարկերակների անգիոգրաֆիա
- արգանդի զարկերակների անգիոգրաֆիա
- վերին և ստորին վերջույթների զարկերակների անգիոգրաֆիա
Բաժանմունքում սրտի և անոթների ինտերվենցիոն կաթետերացման ընթացքում իրականացվում են հետևյալ բուժական միջամտությունները.
- նեղացած կորոնար զարկերակների վերաբացում կամ անգիոպլաստիկա (բալոնային դիլատացիա և ստենտավորում)
- սրտի ռիթմի խանգարումների բուժում՝ աբլացիայի եղանակով
- ստենոզի ենթարկված ծայրամասային զարկերակների ստենտավորում, այդ թվում՝ երիկամային զարկերակների
- ուռուցքը սնող զարկերակների էմբոլիզացիա
- միոմատոզ արգանդի զարկերակների էմբոլիզացիա
- սրտի միջնապատերում (միջնախասրտային, միջփորոքային) և խոշոր անոթներում առկա բացվածքների փակում
Ներանոթային միջամտություններն իրականացվում են սեդատիվ՝ հանգստացնող դեղորայքի օգտագործմամբ և բացառապես անցավ են:
Բաժանմունքում կիրառվող հիմնական մուտքը տրանսռադիալ եղանակն է՝ ճաճանչային զարկերակի միջոցով, ինչը նվազեցնում է միջամտության հետևանքով տեղային բարդությունների ռիսկը: Ներանոթային միջամտությունները՝ անգիոպլաստիկան և ստենտավորումն այսօր հնարավորություն են տալիս առավելագույնը կրճատել հոսպիատալացման ժամկետը: