«Էրեբունի» բժշկական կենտրոնում է միջազգային մակարդակի սրտաբան, նորարար, Միլանի Հումանիտաս կլինիկական հետազոտական հիվանդանոցիավագ խորհրդատու, դոկտոր, պրոֆեսոր Անտոնիո Կոլոմբոն: Իտալացի հայտնի բժիշկը Հայաստան է եկել իր վաղեմի ընկերոջ, մեր հայրենակից, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի հրավերով` մասնակցելու Երևանում անցկացվելիք սրտաբանների առաջին միջազգային հավաքին: «Էրեբունի» սրտաբանական կենտրոնի ղեկավար, առողջապահության նախարարի սրտաբանության գծով խորհրդատու, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Համլետ Հայրապետյանի նախաձեռնած սրտաբանության ոլորտում լավագույնին հավակնող Առաջին միջազգային միջամտականսրտանոթային երկօրյա դասընթացին մասնակցելուց բացի Անտոնիո Կոլոմբոն, ով սրտի կորոնար անոթների ստենտավորման առաջամարտիկն է եվրոպայում և ողջ աշխարհում, ընդունել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատելու հայզգի ընկերոջ առաջարկը: Վիրահատարան մտնելուց առաջ պրոֆեսոր Կոլոմբոն հաճելիորեն զարմացավ, երբ ցուցանակի վրա կարդաց իր ընկերոջ անուը. «Ակադեմիկոս Բագրատ Գեղամի Ալեքյանի անվան անգիոգրաֆիկ կենտրոն»:
Անտոնիո Կոլոմբոն վիրահատարան մտնելուց առաջ հասցրեց ծանոթանալ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հնարավորություններին, տեխնիկական հագեցվածությանը, սարքավորումներին, զրուցեց առաջատար մասնագետների հետ:
Եվ այսպես վիրահատարանում աշխատում են Անտոնիո Կոլոմբոն և անգիոգրաֆիկ ծառայության ղեկավար Մերուժան Սաղաթելյանը:
Բարակ կաթետրի միջոցով դեղապատ բալոնը հասցվում է կորոնար զարկերակի նեղացած կամ խցանված հատված։ Տեղադրված դեղապատ բալոնը բարձր ճնշմամբ փչելիս բացում է անոթը, ինչի արդյունքում զարկերակը լայնանում է, և արյան հոսքը վերականգնվում է: Իսկ դեղը ներծծվում է անոթի պատի մեջ: Այսպիսով, փչվելուց հետո բալոնը հանվում է, իսկ դեղը մնում է անոթի պատերին: Այս մեթոդը հատկապես կիրառվում է կրկնակի նեղացումների, բարդ տեղակայումների ժամանակ:
Ավարտվեց ևս մեկ հաջող վիրահատություն, փրկվեց ևս մեկ մարդու կյանք: Այս լուսանկարը րոպեներ առաջ վիրահատված հիվանդի կյանքի և առողջության խորհրդանիշն է, որը վկայում է` սա Անտոնիո Կոլոմբոյի առաջին, բայց վստահաբար ոչ վերջին այցն է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
