«Էրեբունի» բժշկական կենտրոնի ուլտրաձայնային հետազոտության բաժանմունքը համալրվել է 2013թ. արտադրության նոր՝ ժամանակակից սարքերով (Siemens Acuson X 700), որոնք մեզ հետ զրույցում ներկայացրեց բաժանմունքի վարիչ Սուրեն Պետրոսյանը:
− Բժիշկ Պետրոսյան, ի՞նչ սարքեր են, ի՞նչ հնարավորություններ ունեն:
− Նորագույն սարքերը հնարավորություն են տալիս լավագույն կերպով հետազոտել և՛ ներքին օրգանները, և՛ մակերեսային փոքր օրգանները՝ կրծքագեղձ, տղամարդկանց արտաքին սեռական օրգաններ և այլն… Սա այն է, ինչն արդեն հրատապ է արդի բժշկությանը:
− Եթե համեմատենք բաժանմունքի ունեցած նախկին սարքավորումների հետ, որո՞նք են ակնհայտ առավելությունները:
− Առաջին հերթին՝ որքան նոր սերնդի է սարքավորումը, այնքան շատ առավելություններ է ունենում, քանի որ ինժեներներն աշխատում են, որ պատկերներն ավելի հստակ, որակյալ ստացվեն: Որակյալ պատկերը հնարավորություն է տալիս ավելի հեշտ տարբերել նորման ախտաբանությունից, պարզորեն տեսնել՝ ինչ է կատարվում օրգանի ներսում, քանի որ հստակ տեսանելի են դառնում օրգանի, հյուսվածքի մինչև իսկ միկրոանոթավորումը: Այս ամենը նպաստում են ճշգրիտ ախտորոշմանը և հիվանդությունն ամենավաղ փուլերում հայտնաբերելուն:
Նոր սերնդի սարքավորումները տալիս են 3D, 4D հետազոտություն անելու հնարավորություն:
− Արդեն փորձարկե՞լ եք: Ինչպիսի՞ն են արդյունքները:
− Այո’: Շնորհիվ լավ տեսանելիության՝ հետազոտությունն ավելի հեշտ ու արդյունավետ է դարձել: Այս սարքավորումով աշխատելն առավելություններ է ստեղծում թե՛ բժշկի, թե՛ հիվանդի համար. կրճատվում է հետազոտության ժամանակը, օգնում բուժօգնության որակի բարձրացմանը, նպաստում արդյունավետ բուժման կազմակերպմանը:
− Բացի Հայաստանից, տարածաշրջանում որևէ այլ տեղ կա՞ այս սարքավորումներից:
− Հաստատ ասել չեմ կարող, հնարավոր է՝ ո՛չ: Այս սարքավորումը ո՛չ միայն Հայաստանի համար է նորություն. այն նորագույն մոդել է ամբողջ աշխարհում: Եվրոպայում ևս նոր-նոր սկսել են օգտագործել նմանատիպ սարքավորումները:
− Մասնագետների վերապատրաստում պահանջվե՞լ է:
− Մեր մասնագետներն արդեն իսկ ունեին բավական մեծ փորձ նմանատիպ սարքավորումներով աշխատելու, բայց, իհարկե, ժամանակ առ ժամանակ մենք գնում ենք վերապատրաստումների, մասնակցում միջազգային կոնֆերանսների, որոնք թույլ են տալիս ձեռք բերել արդիական տեխնոլոգիային համահունչ համապատասխան հմտություններ:
«Էրեբունի» բժշկական կենտրոնը միշտ էլ աչքի է ընկել իր լավագույն մասնագետներով և արդի սարքավորումներով: Դրա մասին է խոսում մեր պացիենտների թիվը: