Loading

Լյարդի հսկայական հեմանգիոմայի էմբոլիզացիան

01.04.2016

Լյարդի հսկայական հեմանգիոմայի էմբոլիզացիան
Լյարդի հսկայական հեմանգիոմայի էմբոլիզացիան

Առաջին անգամ Հայաստանի Էրեբունի ԲԿ-ում անց է կացվել լյարդի հսկայական հեմանգիոմայի էմբոլիզացիա ներանոթային վիրաբուժության մեթոդով, որն իր տեսակով յուրահատուկ է ինչպես նվազագույն ինվազիվության ու բարդության, այնպես էլ արդյունավետության առումով:

Կավերնոզ հեմանգիոման լյարդի ամենահաճախ հանդիպող բարորակ ուռուցքն է, որը կլինիկորեն դրսևորվում է որովայնում, աջ կողատակում ցավերով, դժվարամարսությամբ, փորկապությամբ, կոագուլոպաթիայով: Մեծ հեմանգիոմաները վտանգավոր են հանկարծակի պատռվելու ռիսկով, որը կարող է հանգեցնել մահվան ելքի: Բաց վիրահատական միջամտությունը կիրառվում է մինչև 30% հաճախականությամբ և միայն լյարդի մասնակի ախտահարման դեպքում: Վերջերս որպես այլընտրանքային բուժում ժամանակակից կլինիկական պրակտիկա է ներմուծվել հեմանգիոմայի էնդովասկուլյար տրանսկաթետերային էմբոլիզացիան, որն արդյունավետ, խնայող, քիչ ինվազիվ, ռադիկալ վիրահատություն է:

19.03.16թ. հիվանդ Ա. Գ.-ն ընդունվել է Էրեբունի ԲԿ վերորովայնային շրջանում, որովայնի ձախ վերին մասում ցավի, դժվարամարսության, փորկապության, ընդհանուր թուլության գանգատներով: Հիվանդի վերոնշյալ գանգատները տևել են 7 տարի: Սկզբում ախտորոշված է եղել լյարդի քաղցկեղ, ըստ որի հիվանդը եղել է ուռուցքաբանի հսկողության տակ: Հիվանդանոց ընդունվելիս անցկացվել է ՀՇ հետազոտություն, ըստ որի՝ ախտորոշվել է լյարդի հեմանգիոմատոզ, լյարդի ձախ մասի հսկայական հեմանգիոմա, ներքին օրգանների տեղախախտում (հսկայական հեմանգիոմայի վաղեմության պատճառով): Ամենամեծ օջախը՝ 21,2 × 17,1 × 9,7սմ, գրավել է լյարդի ձախ մասը, իսկ 5,5×5,0սմ, 1,5×1,4սմ, 3,1×2,5սմ և 3,5×3,4սմ չափսերի օջախները տեղակայված են եղել լյարդի աջ մասում: Հաշվի առնելով պրոցեսի տարածվածությունը՝ որոշում ընդունվեց կատարել հեմանգիոմաների տրանսկաթետերային էմբոլիզացիա:

19.03.16թ.՝ անցկացված կլինիկա-լաբորատոր և փոքր կոնքի ՈւՁՀ հետազոտություններից հետո, անգիոգրաֆիկ բաժանմունքի առաջատար սրտաբան Ա. Ծատուրյանի միջամտությամբ տեղային անզգայնացմամբ սկսվեց վիրահատությունը. ազդրի աջ զարկերակի մուտքով հատուկ կաթետրով անցկացվեց որովայնի ցողունային զարկերակի և լյարդի զարկերակների ընտրողական սուբտրակցիոն անգիոգրաֆիա:

Հայտնաբերվեց, որ հեմանգիոմաի զարկերակները ձևավորվում է լյարդի աջ և ձախ զարկերակների հեռադիր ճյուղերից:

Լյարդի հսկայական հեմանգիոմայի էմբոլիզացիան Լյարդի հսկայական հեմանգիոմայի էմբոլիզացիան

Պարենքիմային փուլում հստակ երևում էին անոթային լակունաները, որն էլ բնորոշ է խորշիկային /կավերնոզ/ հեմանգիոմային: Անոթագրական մանրազնին հետազոտությունից հետո անցկացվեց հեմանգիոմայի մասնիկները սնուցող բոլոր ճյուղերի ընտրողական էմբոլիզացում ցիանոակրիլատով (300-500մկմ): Էմբոլիզացիայի պրոցեդուրայից հետո զարկերակների ստուգիչ կոնտրաստավորումը ցույց տվեց լիարժեք օկլյուզիա և հեմանգիոմայի լուծարում:

Լյարդի հսկայական հեմանգիոմայի էմբոլիզացիան

Հաջորդ օրը հիվանդը նոպայաձև ցավեր ունեցավ աջ կողատակում, սրտխառնոց, փսխում: Հաշվի առնելով կլինիկական և գործիքային հետազոտությունների տվյալները՝ ախտորոշվեց սուր իշեմիկ խոլեցիստիտ, որը լյարդի զարկերակների էմբոլիզացիայի պրոցեդուրայի դեպքում հազվադեպ բարդություններից է, երբ լեղապարկի զարկերակ են ընկնում խցանող մասնիկներ և անհրաժեշտ է ժամանակավորապես դրենավորել լեղապարկը:

Լյարդի հսկայական հեմանգիոմայի էմբոլիզացիան

21.03.16թ. տեղային անզգայացմամբ և ՈւՁՀ հսկողությամբ ինտերվենցիոն վիրաբույժ Ա. Գալումյանի կողմից կատարվեց լեղապարկի միջմաշկային միջլյարդային դրենավորում, որից հետո հիվանդի ախտանիշները վերացան:

Հիվանդը լավացած վիճակում դուրս գրվեց 10-րդ օրը: Կրկնակի ՈւՁՀ հետազոտություններում արյան հոսք հեմանգիոմաներում չի հայտնաբերվել:

Հայաստանում նման վիրահատություն առաջին անգամ կատարվել է Էրեբունի ԲԿ-ում. այն իր տեսակով յուրահատուկ է ինչպես նվազագույն միջամտության և բարդության մակարդակով, այնպես էլ արդյունավետությամբ:

+374 10 47 11 00
QR
Price list QR