Փետրվարի 1-ից մինչ այժմ կաթվածի պետական ծրագրով «Էրեբունի» ԲԿ ընդունվել է 159 հիվանդ: Պետական պատվերով 98 հիվանդի կատարվել է թրոմբոլիզ՝ դեղով թրոմբի քայքայման միջամտություն, 19 թրոմբէկտոմիա՝ ուղեղը սնուցող անոթից թրոմբի հեռացման ներանոթային վիրահատություն: Բացի այդ, եղել են դեպքեր, երբ անհրաժեշտ է եղել կատարել միաժամանակ մի քանի միջամտություն: Եվ թրոմբոլիզ եւ թրոմբէկտոմիա կատարվել է 31 հիվանդի: Իսկ միաժամանակ եւ թրոմբոլիզ եւ ուղեղի անոթների ախտորոշիչ ցերեբրալ անգիոգրաֆիա՝ 11 հիվանդի: Այսպիով, ամբողջ հանրապետությունում իշիեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրի շրջանակում «Էրեբունի» ԲԿ-ն կատարել է ամբողջ միջամտությունների 90 տոկոսից ավելին: Նման ցուցանիշների հասնելու համար «Էրեբունի»-ն երկար էր պատրաստվել: Ավելի քան 10 տարի աշխարհում կաթվածի լավագույն կենտրոնների եւ հատկապես մեր հայրենակից մասնագետների հետ կապը ստեղծեցին այնպիսի պայմաններ, որոնք այժմ հնարավորություն են տալիս համընթաց քայլել թե տեխնիկական հնարավորություններով, թե մասնագիտական որակներով: Տարիներ շարունակ մեր հայրենակիցներ Միքայել Սկոնը, Վիգեն Բաբիկյանը, Միքայել Գրիգորյանը մշտական կապի մեջ են եղել «Էրեբունի» ԲԿ -ի ղեկավարության հետ եւ միասին, քայլ առ քայլ ներդրել կաթվածի բուժման հնարավորությունները, մշակել բուժման ուղեցույցները: Հերթական անգամ էրեբունի այցելելով՝ նրանք տեսում են կաթվածի՝ որակապես այլ կենտրոն: Աշխարհի հայ նյարդաբանները «Էրեբունի» ԲԿ գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ ամփոփեցին վերջին տարիների համագործակցության արդյուքները, շնորհակայություն հայտնեցին իրենց առաջարկին արձագանքնելու եւ բարձր մակարդակով ծրագրերը կյանքի կոչելու համար: Stroke կենտրոնի կատարելագործման նպատակով որոշվեց խորացնել համագործակցությունը, էրեբունիում ներդնելով աշխարհի առաջատար փորձը: Հարություն Քուշկյանը, ողջունելով վաղեմի ընկերներին, վստահեցրեց, որ այդ նպատակի համար կստեղծվեն անհրաժեշտ բոլոր պայմանները: Հայ բժիշկների համագումարին մասնակցելու համար Հայաստան ժամանած նյարդաբանները հայաստանցի գործընկերների հետ քննարկեցին կաթվածի բուժման հիմնախնդիրները, ինչպես նաեւ Փետրվարի մեկից հանրապետությունում մեկնարկած կաթվածի բուժման պետական ծրագրի արդյունքները: «Էրեբունի» ԲԿ կաթվածի թիմն աշխատում է 7 օր 24 ժամ: 044300800 հեռախոսահամարին զանգից անմիջապես հետո բժիշկները կազմ պատրաստ սպասում են բժշկական կենտրոնի դռների մոտ՝ ընդունելու գլխուղեղի կաթվածով հերթական հիվանդին: Եթե բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդին հետազոտելուց հետո հայտնաբերվում է, որ ուղեղը դեռեւս կենսունակ է եւ հնարավոր է փրկել ուղեղային հյուսվածքը, ապա կատարվում է թրոմբոլիզ՝ թրոմբի քայքայթում դեղի միջոցով կամ թրոմբէկտոմիա՝ թրոմբի հեռացում մեխանիկական ճանապարհով: Իսկ երբեմն՝ երկու միջամտությունները միասին են կիրառվում: Բուժման արդյունավետությունը կախված է ժամանակից: Որքան շատ ժամանակ է անցել կաթվածի առաջին նշաններից, նույնքան նվազում է բուժման արդյունավետությունը եւ մեծանում հնարավոր բարդությունների հավանականությունը: Կաթվածի նշաններն ի հայտ գալուն պես անհրաժեշտ է առանց հապաղելու դիմել մասնագիտացված կաթվածի կենտրոն սուր կաթվածի լավագույն բուժումը ստանալու համար: Այս ամենն իրականացնելու համար «Էրեբունի» ԲԿ -ն ունի բոլոր հնարավորությունները: Ստեղծված են հատուկ պայմաններ հենց ինսուլտով հիվանդներին արտահերթ ընդունելու, հետազոտելու եւ անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու համար: Աշխատում է հերթապահ համակարգչային տոմոգրաֆը, անհրաժեշտության դեպքում հետազոտություն է իրականացվում նաեւ ՄՌՏ-ով. հատուկ մշակված կաթվածի ծրագրով րոպեների ընթացքում ճշգրտելով թրոմբի առկայությունը: Հայաստանում «Էրեբունի»-ն միակ ԲԿ-ն է, որը ունի B պլանային անագրոգրաֆիա, երբ պատկերը միաժամանակ հնարավոր է ստանալ երկու պռոեկցիայով: Անհրաժեշտ հետազոտություներ եւ միջամտություններ կատարելուց հետո սուր ինսուլտի փուլում հիվանդները տեղափոխվում են հատուկ՝ նեյրոռեանիմացիոն բաժանմունք: Կաթվածի բուժման շղթայի վերջին օղակը վերականգնողական ծառայությունն է, որպեսզի հաշմանդամություն առաջացնող այս հիվանդությունը հնարավոր լինի ամբողջությամբ հաղթահարել: Փետրվարից մինչեւ այժմ ծրագրի շրջանակում «Էրեբունի» ԲԿ-ում փրկվել 124 հիվանդի կյանք: Նրանց հիմնական մասը տուն են վերադառձել ոչ թե սայլակի վրա, այլ քայլելով՝ առանց լուրջ հաշմանդամության, մինիմալ նյարդաբանական փոփոխություններով: