2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան:
Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի: Ֆրանսիայի, Մոնակոյի, Գերմանիայի, Դանիայի, Շվեյցարիայի, ինչպես նաև Իսպանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և աշխարհամասերի այլ առաջատար երկրների JCI հավատարմագրում ունեցող բժշկական կենտրոնների շարքում է այսուհետ «Էրեբունի» բժշկական կենտրոնը: Joint Commission International-ը առողջապահության հավատարմագրման ոլորտի համաշխարհային առաջատարն է: Այս կառույցը նպաստում է առողջապահության որակի և անվտանգության բարելավմանը, աշխարհի ավելի քան 90 երկրում մատուցում բարձրարժեք, ծախսարդյունավետ ծառայություններ` որակի բարելավման յուրաքանչյուր փուլում: Այն միջազգային հավատարմագրման «Ոսկե ստանդարտ» է:
Աշխարհում առաջատար կլինիկաների հետ նույն հարթակի վրա կանգնելու համար բավարար չէ լավագույն մասնագետներ, նորագույն սարքավորումներ ունենալը, գործի կազմակերպման համար անհրաժեշտ է ներդնել և մշտապես կիրառել միջազգային որակի կառավարման հատուկ պրոտոկոլներ: Դեռևս մեկ ու կես տարի առաջ «էրեբունի» բժշկական կենտրոնն ստացավ Որակի կառավարման համակարգի ISO 9001 ստանդարտ, որը JCI հավատարմագրման առաջին լուրջ և պատասխանատու քայլն էր: Այս ընթացքում իրականացվեցին լայնածավալ աշխատանքներ, որակի ներդրման և կառավարման համար ներգրավելով բժշկական կենտրոնի բոլոր օղակները:
Հիվանդի անվտանգության ապահովում, իրավունքների պաշտպանություն, անձնական տվյալների պաշտպանություն, բժշկական անձնակազմի հետ անխոչընդոտ հաղորդակցում, բժշկական խորհրդատվությունների, հետազոտությունների, հոսպիտալացման, ինչպես նաև դուրսգրման հստակ չափանիշների և ընթացակարգերի` կլինիկական ուղեցույցների ներդրում, դեղերի կառավարման համակարգերի ստեղծում, ինֆեկցիաների կանխարգելման և վերահսկման մեխանիզմների մշակում, տարածքների և սարքավորումների կառավարում, ֆիզիկական միջավայրի` հակահրդեհային համակարգերի համալրում, ճառագայթային անվտանգության ծառայությունների արդիականացում, կենցաղային էլեկտրական սարքավորումների վերահսկում, արտակարգ իրավիճակների պլանավորում, ռիսկերի կառավարում, որակի բարելավում:
Չնայած շատ խիստ էին հավատարմագրման այս պահանջները միտված որակի, անվտանգության, կառավարման, ինչպես նաև կլինիկայի միջազգային բարձր մակարդակի ապահովմանն, այնուամենայնիվ «Էրեբունի» բժշկական կենտրոնի անձնակազմը միահամուռ ջանքերով, տքնաջան աշխատանքի շնորհիվ կարողացավ պատվով անցնել հավատարմագրման այս ճանապարհը:
Ավելի քան երեսուն տարի պրոֆեսոր Հարություն Քուշկյանը բարձրացնելով «էրեբունի» բժշկական կենտրոնի բուժօգնության որակն ու ծառայությունների մակարդակը, մշտապես սահմանում է իր նշաձողը: Սա իր առաջնորդությամբ ստեղծված երկար և պատասխանատու ճանապարհ է, որն առաջին հերթին պահանջում է հաստատակամություն, որպեսզի «Էրեբունին» մնա աշխարհի լավագույն բժշկական հաստատությունների քարտեզի վրա՝ այնտեղ պահպանելով իր կայուն տեղն ու դիրքը՝ որպես տարածաշրջանում որակյալ բուժօգնության մատուցման գլխավոր կառույց: