Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի 90-ականներից: «Էրեբունի» սրտաբանական կենտրոնի առիթմոլոգիական բաժանմունքի ղեկավար Միհրան Մարտիրոսյանը կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտ է տեղադրում և հերթական անգամ ընդհատում այն առիթմիան, որը ճակատագրական կարող էր լինել այս հիվանդի համար: Կյանք փրկող այս վիրահատությունների ժամանակ գործածվող իմպլանտները տարեց տարի ավելի են կատարելագործվում: Այսօր առիթմոլոգիական բաժանմունքում գործածվում են առաջատար ընկերությունների արտադրության իմպլանտներ, որոնք սրտային անբավարարություն ունեցող մարդկանց հանկարծամահության նվազեցման երաշխիքներից են նաև: Այս միջամտություններից հետո հիվանդները բժշկական կենտրոն այցելելու, մշտական հսկողության` տեղադրված իմպլանտների մշտադիտարկման կարիք ունեն: Էլեկտրոդների միջոցով սրտին միացված, մաշկի տակ տեղադրված սարքի աշխատանքը պարբերաբար ստուգվում է հատուկ ծրագրավորող սարքի միջոցով այստեղ` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր սերնդի իմպլանտները, որոնք օժտված են առավել զարգացած ֆունկցիաներով, նաև կյանքի որակն են բարձրացնում: