Loading

Կրծքավանդակի պատի դեֆորմացիաների շտկում

10.11.2025

Վերջերս Երևանում անցկացված միջազգային բազմամասնագիտական ուռուցքաբանական կոնֆերանսին ներկայացված ուշագրավ թեմաներից էր «Կրծքավանդակի պատի ուռուցքների վիրաբուժական բուժումը»: Կոնֆերասին ներկա էր Չինաստանից ժամանած հայտնի վիրաբույժ՝ Կրծքավանդակի պատի վիրաբուժության ինստիտուտի տնօրեն նաև Կրծքավանդակի պատի վիրաբուժության միջազգային կազմակերպության նախագահ Վենլին Վանգը, որն աշխարհում հայտնի է կրծքավանդակի պատի դեֆորմացիաների շտկման սեփական մեթոդով կատարվող վիրահատություններով: Վենլին Վանգն այդ եղանակով մինչ այժմ 10.000-ից ավելի բարեհաջող վիրահատություններ է իրականացրել: Երևան կատարած այցի ժամանակ Վենլին Վանգը հյուրընկալվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում, հայազգի մասնագետների հետ քննարկել ինչպես կրծքավանդակի պատի ուռուցքների, այնպես էլ կրծքավանդակի պատի բնածին և հետվիրահատական դեֆորմացիաների շտկման վիրահատությունների առանձնահատկությունները, եղանակները, արդի մարտահրավերները: «Էրեբունի» բժշկական կենտրոնի թորակալ վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Նատալյա Բաղումյանն ամիսներ առաջ է վերադարձել Չինաստանից, Գուանդունի երկրորդ ժողովրդական հիվանդանոցում խորացրել է վիրաբուժական իր գիտելիքներն ու հմտությունները, ծանոթացել չինացի բժշկի մեթոդի առանձնահատկություններին: Ի դեպ այդ կենտրոնում մեկ օրվա ընթացքում Նատալյա Բաղումյանն 83 վիրահատության է ականատես եղել: Այսօր արդեն Վենլին Վանգը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրահատարանում է: Չինացի հայտնի բժիշկը Արմեն Խանոյանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի թորակալ վիրաբուժության բաժանմունքի մյուս վիրաբույժների հետ պատրաստվում է կրծքավանդակի պատի բնածին դեֆորմացիայով 20-ամյա երիտասարդի վիրահատել: JCI (Joint Commission International) հավատարմագրման պահանջների համաձայն վիրահատությունից անմիջապես առաջ: TIME-OUT վերջնական անվտանգային կանգառ-ստուգման վերջին գործողություններն են իրականացվում: Վիրահատվող երիտասարդի կրծքավանդակի պատի այս դեֆորմացիան, երբ կրծոսկրը և կողերը ներս ընկած են` «ձագարաձև կրծքավանդակ» կամ «կոշկակարի կուրծք» են կոչում: Բնածին դեֆեկտն այժմ շտկվում է Վենլին Վանգի հայտնի մեթոդով: Եվ այսպես` փոքր կտրվածքներով հատուկ գործիքների միջոցով դեֆորմացված կրծոսկրի տակ են անցկացվում մետաղական թիթեղները: Եվ հենց այս 2 թիթեղները շրջելու միջոցով բարձրացվում կրծոսկրի փոս ընկած հատվածը, այնուհետև` շտկվում է և ֆիքսվում: Կրծքավանդակի պատի դեֆորմացիաների շտկման Վենլին Վանգի կատարելագործված վիրահատական մեթոդները զգալիորեն կրճատել են վիրահատությունների տևողությունները և նվազեցրել են հետվիրահատական բարդությունները: Վիճակագրությունը փաստում է, որ կրծքավանդակի պատի դեֆորմացիաները, լինի դա բնածին, թե ձեռքբերովի, չուղղելու դեպքում տարիների ընթացքում այդ հիվանդների շրջանում սրտի, թոքերի հետ կապված խնդիրներ կարող են զարգանալ և առհասարակ ազդել կյանքի որակի վրա:

Կրծքավանդակի պատի դեֆորմացիաների շտկում
Feedback
+374 10 47 11 00
QR
Price list QR