Ապրիլ, 2025 թվական, Երևան: Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի և «Էրեբունի» բժշկական կենտրոնի հերթական համագործակցության արդյունքում միավորվել են Հայաստանի, Կանադայի, Գերմանիայի և Իտալիայի նյարդաբանները: 2 օր շարունակ հայաստանյան մասնագետների հետ նաև հեռավար եղանակով նրանք խոսել են նյարդային համակարգի իմուն միջնորդված հիվանդությունների, մասնավորապես ցրված սկլերոզի մասին: Չնայած այս հիվանդությունը նյարդաբանական խնդիրների շարքում առավել հազվադեպ է հանդիպում, այնուամենայնիվ դասվում է ծանր հիվանդությունների շարքին, հիմնականում ախտորոշվում է երիտասարդների շրջանում և հաշմանդամություն է առաջացնում: Հերթական անգամ Երևանում է Կանադայի Ալբերտայի համալսարանի պրոֆեսոր, «Էրեբունի» բժշկական կենտրոնի մեծ բարեկամ, մեր հայրենակից Միքայել Սկոնը: Նա մեծ ավանդ ունի կաթվածի պետական ծրագրի ներդրման գործում և հետևողական է, որ նյարդաբանությունը Հայաստանում մշտական զարգացում ունենա: Այդ նպատակով ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում նա հայաստանյան նյարդաբաններին մշտապես փոխանցում է Կանադայի իր փորձը: Գիտաժողովին լուրջ մասնակցություն ունի Կանադայի Ալբերտայի համալսարանի պատվիրակությունը` ցրված սկլերոզի ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Փեննի Սմիթի ղեկավարությամբ: Կլաուդիո Գասպերինին, ով առաջին անգամ է Հայաստանում` Հռոմից է, բժշկական գիտությունների դոկտոր Կամիլո Ֆորլանինի հիվանդանոցի նյարդաբանության ծառայության ղեկավար, դասախոսում է նաև Հռոմի Լա Սապիենցա համալսարանում: Կլաուդիո Գասպերինին իրենց երկրում համակարգում է նյարդաիմունոլոգիայի ծրագիրը: Նա համոզված է, որ հայ գործընկերների հետ մեծ համագործակցություն կկայանա: Սա առաջին, բայց մեծ քայլ է Հայաստանում նյարդաիմունոլոգիայի զարգացման համար: «Էրեբունի» բժշկական կենտրոնը հանրապետությունում լինելով առաջատարը ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման գործում, մշտապես նախաձեռնում և կյանքի է կոչում լայնամասշտաբ ծրագրեր` միտված մարդկանց առողջության պահպանմանը:
