«Էրեբունի» ԲԿ ակնաբուժական ծառայությունում հերթական հաջողությունն է գրանցվել. 23 տարվա երկարատև հիվանդությունից հետո կինը բուժվել է:
61-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ ակնաբուժական ծառայություն էր դիմել 2 տասնամյակից ավելի գանգատներով՝ մշտապես շարունակվող արցունքահոսություն և աչքերից թարախային արտադրություն:
Հիվանդին ընդունել է ծառայության ղեկավար Դիանա Զարեմբոն: Կատարվել է ակնաբուժական համալիր հետազոտություններ՝ վիզիոմետրիա, բիոմիկրոսկոպիա, արցունքատար ուղիների զոնդավորում: Հետազոտությունների հիման վրա ախտորոշվել է ստորին արցունքատար ուղիների կանալիկուլիտ: Տարիներ շարունակ կինը ստացել է հակաբիոտիկային բուժում, ինչը, սակայն, ոչ մի օգուտ չի տվել:
Հետազոտությունից և վերջնական ախտորոշումից հետո ակնաբուժական ծառայության ղեկավար Դիանա Զարեմբոն կատարել է վիրահատություն՝ կանալիկուլոտոմիա: Վիրահատության ընթացքում հայտնաբերվել են նաև դակրիոլիտներ: Դակրիոլիթիազը հազվադեպ հանդիպող պաթոլոգիա է, որը հանդիպում է 7%-ի շրջանում միայն: Նման խնդրի պարագայում արցունքի կանգի հետևանքով արցունքատար ուղիներում առաջանում են սպեցիֆիկ կոնկրեմենտներ, դակրիոլիտներ։ Երկարատև արցունքի կանգը և արցունքահոսությունը կարող է դառնալ աչքի տարբեր բորբոքային հիվանդությունների պատճառ՝ բլեֆարոկոնյունկտիվիտ, կերատիտ: Պացիենտները գանգատվում են ցավից, արցունքահոսությունից, աչքի կարմրությունից։ Այստեղ խիստ կարևորվում է ճշգրիտ ախտորոշումը:
Ճշգրիտ ախտորոշման, վիրահատական բուժման արդյունքում հիվանդի խնդիրներն ամբողջովին վերացել են, նա վերադարձել է իր բնականոն կյանքի: