2019 թվականից «Էրեբունի» ԲԿ-ում գործում է տարածաշրջանային նշանակության Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն: Կենտրոնը ստեղծվեց՝ հաշվի առնելով Հայաստանում վահանաձև գեղձի չարորակ նորագոյացությունների տարածվածությունը: Վահանաձև գեղձի չարորակ գոյացությունների զգալի դեպքերում ցուցվում է ռադիոակտիվ յոդով բուժում: Մինչ կենտրոնի բացումը հիվանդները ստիպված էին այդ բուժումը ստանալ հանրապետությունից դուրս: «Էրեբունի» ԲԿ-ում նոր կենտրոնը բացվեց հենց այդ նպատակով, որպեսզի մեր հիվանդները հնարավորություն ունենան Հայաստանում ստանալ բարձրակարգ բուժում: Այսօր արդեն, յոդաթերապիայի կարիք ունեցող հիվանդների գերակշիռ մասը բուժվում է «Էրեբունի»-ում: Կենտրոնն աշխատում է գերմանական SIEMENS ընկերության Գամմա խցիկով, որն աշխարհում միջուկային բժշկության մեջ կիրառվող լավագույն ախտորոշիչ սարքն է: Դեղի ընդունման պահից սկսած հիվանդը մեկուսանում է հատուկ կահավորված, հարմարավետ, անվտանգ հիվանդասենյակներում: Յոդաթերապիայի կուրսը տևում է երեք օր: 3-րդ օրը հիվանդն անցնում է ախտորոշիչ հատուկ հետազոտություն՝ պարզելու օրգանիզմում ռադիոակտիվ յոդի կուտակման չափը: Ստեղծման օրվանից մինչ այժմ ռադիոակտիվ յոդով բուժում է ստացել 560-ից ավելի հիվանդ: