2012 թ. Էրեբունի ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքին առընթեր ստեղծվեց ուրոդինամիկ հետազոտությունների և նեյրոուրոլոգիայի ծառայություն: Ուրոդինամիկ հետազոտությունը համարվում է ստորին միզուղիների (միզապարկ, սֆինկտերներ և միզածորան) հիմնական և անփոխարինելի գործիքային հետազոտության մեթոդ:
Ու՞մ են ցուցված ուրոդինամիկ հետազոտությունները:
Ուրոդինամիկ հետազոտությունները անհրաժեշտ է առաջարկել երկու սեռերի բոլոր այն հիվանդներին, որոնք տառապում են ստորին միզուղիների այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են՝ հաճախամիզություն, սթրեսային և անհետաձգելի միզարձակում (միզարձակման անհաղթահարելի ձգտում) անմիզապահություն, ակամա միզարձակում, գիշերամիզություն (այդ թվում՝ երեխաների և դեռահասների մոտ) դժվարացած ընդհատվող միզարձակում, քրոնիկական բորբոքային պրոցեսներ, որոնք չեն բուժվում ստանդարտ մեթոդներով (շագանակագեղձի ադենոմա, միզուկի նեղացում, քրոնիկական պրոստատիտ և ցիստիտ), նաև նյարդաբանական հիվանդություններով հիվանդներին (կաթված, Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ, ողնուղեղի վնասվածք և այլն), որոնք ունեն միզարձակման խնդիրներ:
Ներկայումս ուրոդինամիկ հետազոտությունները ուրոգինեկոլոգիայում հիվանդների հետազոտման և բուժման շատ կարևոր մասն են կազմում: Այն բոլոր հիվանդները, որոնք ունեն անմիզապահություն և կոնքային օրգանների իջեցում, արդյունավետ բուժման համար պետք է անցնեն ուրոդինամիկ հետազոտություն:
Ուրոդինամիկ հետազոտությունների տեսակները.
• ուրոֆլոումետրիա՝ մեզի մնացորդի որոշմամբ
• ցիստոմետրիա
• «ճնշում-հոսք» հետազոտություն
• կոնքի հատակի էլեկտրամիագրաֆիա
• ուրոդինամիկ համալիր հետազոտություն (ՈւԴՀՀ):
Բուժման մեթոդները
• շագանակագեղձի ներմիզուկային մասնահատում (ՆՄՄ)
• շագանակագեղձային արտերիաների էմբոլիզացիա շագանակագեղձի մեծ ադենոմաների դեպքում
• TVT-O, TOT վիրահատություններ, կանանց սթրեսային անմիզապահության դեպքում ծավալ ձևավորող ներարկում;
• միզապարկի բոտուլինաթերապիա և հետին տիբիալային նյարդի էլեկտրաստիմուլյացիա հիպերակտիվ և նեյրոգեն միզապարկի առկայությամբ անհետաձգելի անմիզապահության դեպքում
• ԿՀԿ թերապիա (կենսաբանական հակադարձ կապ) հատուկ համալիր սարքի վրա:
Ուրոլոգիական բաժանմունքին առընթեր ուրոդինամիկ հետազոտությունների և ֆունկցիոնալ ուրոլոգիայի ծառայությունը դինամիկ զարգանում է, համագործակցում մեծ թվով առաջատար եվրոպական կլինիկաների հետ, և ներ է դնում ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներ: