Loading

Փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածին

13.05.2022

Փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածին

«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը: «Էրեբունի» ԲԿ ծննդատուն այլ բուժհաստատությունից ուղեգրվել է 37 շաբաթական հղի՝ արգանդի կրկնակի սպիով, արյունը՝ ռեզուս բացասական: Հղիին ընդունել և առաջնային բուժզննում է կատարել բարձր ռիսկի հղիների բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանը: Հետազոտությունների արդյունքում հղիի արյան մեջ հակամարմինների բարձր տիտր է հայտնաբերվել, իսկ պտուղը դիսթրես վիճակում է եղել: Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի հետ խորհրդակցելուց հետո որոշվել է անհապաղ կատարել կեսարյան հատում: Երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր և նա տեղափոխվել է նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանի գլխավորությամբ կատարվել են մի շարք հետազոտություններ և ախտորոշվել է նորածնի հեմոլիտիկ հիվանդության ամենածանր այտուցային ձևը, որի ժամանակ տարբեր օրգաններում հավելյալ հեղուկի կուտակում է լինում: Այս դեպքում հեղուկը կուտակված է եղել թոքերում, որովայնի խոռոչում, ինչպես նաև ամբողջ մարմնի վրա տարածուն այտուցներ են եղել, երեխան ունեցել է խիստ արտահայտված սակավարյունություն: Ծանր շնչառական անբավարարության պատճառով նորածնինը միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին: Կյանքի 3-րդ ժամում կատարվել է արյան փոխներարկում՝ 5 ժամ տևողությամբ: Արյան երկու ծավալ է փոխվել: Հիվանդության ծանրագույն ընթացքը պահանջում էր այս միջամտույթյունը կատարել ևս երեք անգամ, ինչն էլ իրականացվել է: Հեմոլիտիկ հիվանդության այս ձևի ախտորոշման դեպքում դրական ելքերի հավանականությունը խիստ ցածր է. աշխարհում գրանցվում է 90 տոկոս մահացություն: Սակայն «Էրեբունի» ԲԿ ծննդատան թիմային աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ինչպես արագ կողմնորոշվել և կատարել կեսարյան հատումը, այնպես էլ լուրջ աշխատանք կատարել երեխայի կյանքը փրկելու ուղղությամբ: Փոքրիկը ապաքինմամբ դուրս է գրվել, առողջական խնդիրներ չունի:

+374 10 47 11 00
QR
Price list QR