Loading

Ողնաշարի մասնահատում (VCR)

29.06.2017

Ողնաշարի մասնահատում (VCR)
Ողնաշարի մասնահատում (VCR)

Բժշկական պրակտիկայում հանդիպում են ողերի անոմալիաներ և դեֆորմացիաներ, որոնք բերում են ողնաշարի տարբեր աստիճանների կորացման: Դեֆորմացված ողերը կարող են լինել ինչպես բնածին, այնպես էլ հետվնասվածքային բնույթի:

Բնածին անոմալիաները աստիճանաբար տանում են կորացման մեծացմանը ըստ երեխայի աճի՝ երբեմն ձևավորելով ողնուղեղի և ողնուղեղային արմատիկների ճնշում: Այդպիսի ճնշում կարող է առաջանալ նաև ողնաշարի հետվնասվածքային կորացումներից հետո, երբ դեֆորմացված ողը տեղաշարժվում է դեպի ողնուղեղային խողովակ՝ ճնշելով ողնուղեղը, առաջացնելով նյարդային խախտումներ ճնշման մակարդակից ներքև:

Այսօր բուժման լավագույն մեթոդ է համարվում ճնշող տարրի ամբողջական հեռացումը՝ ողնուղեղի և արմատիկների ազատմամբ: Միաժամանակ կատարվում է ողնաշարի դեֆորմացիաների /կիֆոզ, սկոլիոզ, կամ կոմբինացված դեֆորմացիաներ/ ուղղում: 41-ամյա հիվանդ Գ.Գ.-ն, 15 տարի առաջ վնասվածք էր ստացել /6-7 կրծքային ողերի կոտրվածք/, որի կապակծությամբ կատարվել էր լամինեկտոմիա և կոտրվածքների տրանսպեդիկուլյար ֆիքսացիայով ուղղում: Հետվիրահատական շրջանում, վիրահատությունից մեկ ամիս անց, հիվանդի մոտ առաջացավ վերքի ինֆեկցում: Դեղորայքային բուժման միջոցով հաջողվեց կանգնեցնել սուր բորբոքային պրոցեսը, սակայն հետագայում զարգացավ վերքի քրոնիկ բորբոքում, որի պատճառով մեկ տարի հետո հեռացվեց ողնաշարը ֆիքսող կոնստրուկցիան: Վերքը լավացավ, բայց տեղի ունեցավ կրծքավանդակի 6-րդ ողի մարմնի աստիճանաբար ներծծում, ինչը ողնաշարային խողովակում սեպ առաջացրեց:Դրանից հետո հիվանդը բժիշկներին չէր դիմել ավելի քան 15 տարի:

12.06.2017թ. հիվանդը դիմել է Էրեբունի ԲԿ ողնաշարի ցավերով և ստորին վերջույթների մկանների թուլությամբ: Ախտորոշում. Ողնաշարի կրծքային հատվածի հետտրավմատիկ կիֆոտիկ դեֆորմացում սկսվող միելոպաթիայով և վերտեբրոգեն ցավային ախտանիշով: Կրծքային 6-րդ ողը ներկայացված էր նեղ սեպի տեսքով, որը հանդիսանում էր ողնաշարային խողովակում մխրճված և ողնուղեղը կոպտորեն ճնշող ներծծված 6-րդ ողի մարմնի մնացորդը:

15.06.2017թ.ողնաշարի պաթոլոգիայի ծառայության ղեկավար Կ.Գ. Մոմջյանի կողմից կատարվեց վիրահատություն՝ ողնաշարի երկու կողմերից սեպի և նույն ողի հետին տարրերի հեռացմամբ: Դրանով հաջողվեց հասնել ողնուղեղի ճնշումից ամբողջական ազատմանը: Տեղադրված տրանսպեդիկուլյար պտուտակներով կատարվել էր կիֆոտիկ դեֆորմացիայի մասնակի ուղղում և ֆիքսացիա: Վիրահատությունից մեկ օր հետո հիվանդը ոտքի էր կանգնեցվել, իսկ մեկ շաբաթ հետո՝ դուրս գրվել հիվանդանոցից: Նման տիպի վիրահատություն առաջին անգամ անց կացվեց Հայաստանում, Էրեբունի ԲԿ-ում:

Այդ վիրահատությունը ողնաշարային վիրաբուժության մեջ ամենաբարդերից մեկն է համարվում, քանի որ միաժամանակ հետին մուտքից հեռացվում են ողնաշարի և՛ առջևի, և՛ հետևի տարրերը, որոնք թույլ են տալիս լավ շտկել դեֆորմացիան և ազատել ողնուղեղը ճնշումից:

+374 10 47 11 00
QR
Price list QR