Հեմոդիալիզն օրգանիզմից դուրս արյան արտաերիկամային մաքրման մեթոդ է, որի արդյունքում հեռացվում են նյութափոխանակության տոքսիկ նյութերը, կարգավորվում էլեկտրոլիտային և ջրային բալանսները։ Հեմոդիալիզի հիմքում ընկած է նյութերի անցումը կիսաթափանց մեմբրանների միջով, որը թույլ է տալիս արյան միջից հեռացնել տոքսիկ նյութերը և մետաբոլիզմի արգասիքները։ Հեմոդիալիզի անհրաժեշտությունը ծագում է երիկամների ծանր հիվանդությունների ժամանակ կամ արյան մեջ մեծ քանակությամբ տոքսինների արտամղման դեպքում, երբ առողջ երիկամները չեն կարող պայքարել դրա դեմ։ Հեմոդիալիզի իրականացման անհրաժեշտությունը հաստատվում է մասնագետների կողմից՝ ըստ հիվանդի ախտորոշման և վիճակի։
Հեմոդիալիզի անցկացման հիմնական ցուցումները.
- սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն,
- դիալիզվող թույներով թունավորում (ցավոք, ոչ բոլոր տոքսիկ նյութերն է հնարավոր օրգանիզմից հեռացնել այս մեթոդով), դեղորայքային միջոցների գերդոզավորում, արյան էլեկտրոլիտային կազմի ծանր խանգարումներ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեմոդիալիզը կարող է ուղեկցվել մի շարք բարդություններով (զարկերակային հիպոտենզիա, մկանային ցնցումներ, սրտխառնոց, փսխում, ինֆեկցիոն հիվանդություններ)` հիվանդների համար կարևոր է մասնագետների կողմից նշանակումների և խորհուրդների մանրակրկիտ կատարումը՝ դեղորայքի ընդունում, սննդակարգի հետևում, ժամանակին կանխարգելիչ ստուգումների հաճախում, անհրաժեշտ հետազոտությունների իրականացում։
«Էրեբունի» բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքն այսօր հանրապետության առաջատարներից է: Բաժանմունքը հագեցած է հեմոդիալիզի բարձր ինտեգրված համակարգերով, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին: Հեմոդիալիզի սարքերը համատեղում են բուժման բարձր չափանիշները, բարելավում հիվանդների կյանքի որակը: Fresenius բուժական համակարգն ապահովում է բարձր որակի թերապիա՝ ONLINE հեմոդիաֆիլտրացիա, որն այսօր համարվում է երիկամային փոխարինման թերապիայի ամենաարդյունավետ մեթոդը։
Ի դեպ, դիալիզի կարիք ունեցող օտարերկրյա քաղաքացիները, զբոսաշրջիկները ևս կարող են օգտվել կենտրոնի դիալիզի վճարովի ծառայություններից: