Ամբողջ աշխարհում ուռուցքային հիվանդություններ ունեցողների թիվը շարունակաբար աճում է: Իր հիվանդացության եւ մահացության ցուցանիշով քաղցկեղը երկրորդ տեղում է` սրտանոթային հիվանդություններից հետո: Քաղցկեղի բուժման ամենատարածված մեթոդներն են վիրաբուժությունը, ճառագայթային թերապիան եւ քիմիաթերապիան: Հիվանդության հաղթահարումը պահանջում է համալիր մոտեցում: «Էրեբունի» ԲԿ-ում գործում է ուռուցքաբանության ծառայություն, որտեղ քիմիաթերապիան եւ նպատակային թերապիան իրականացվում է համապատասխան ուղեցույցների եւ ապացուցողական բժշկության (ESMO, NCCN) հիմունքներով: Ախտորոշումն իրականացվում է էնդոսկոպիկ, ճառագայթային, իմունահիստաքիմիական, գենետիկ և բիոպսիոն հետազոտությունների տվյալների հիման վրա: Հատկապես կարեւոր տեղ են զբաղեցնում ուղեկցող թերապեւտիկ միջոցառումները, որոնք ուղղված են քիմիաթերապիայի հետևանքով առաջացող բարդությունների կանխարգելմանը, նվազեցմանը եւ բուժմանը: Քիմիաթերապիան իրականացվում է ինֆուզիոն պոմպով, որը դոզավորում է ներմուծվող դեղանյութի ինչպես քանակը, այնպես էլ արագությունը: Երկարատև թերապիայի անհրաժեշտության դեպքում տեղադրվում է port-a-cath: Այն հնարավորություն է տալիս մուտք գործել դեպի կենտրոնական երակային համակարգ եւ բաշխել ներարկվող դեղանյութն ամբողջ մարմնի ծավալով` առանց ծայրամասային ներերակային կրկնվող ներարկման անհրաժեշտության: Բաժանմունքում արդյունավետորեն կիրառվում է Paxman սառեցման սարքը, որը նորարարական տեխնոլոգիա է: Քիմիաթերապիայի ընթացքում օգտագործում է սառեցված հեղուկ սիլիկոն գելը` գլխամաշկը սառեցնելու համար, ինչը 70-80%-ով կանխում է քիմիաթերապիայի հետեւանքով տեղի ունեցող մազերի կորուստը: