Loading

Ողնաշարային զարկերակի վրա կատարված վիրահատությունը վերադարձրեց կյանքին

09.01.2017

Ողնաշարային զարկերակի վրա կատարված վիրահատությունը վերադարձրեց կյանքին
Ողնաշարային զարկերակի վրա կատարված վիրահատությունը վերադարձրեց կյանքին

Պացիենտ Լ.Շ. , 71տ., 30.11.2016թ. ընդունվեց Էրեբունի ԲԿ-ի սրտի և անոթների վիրաբուժության բաժանմունք (ղեկավար - բ.գ.դ. Մ.Պ. Շատախյան) ծայրահեղ ծանր վիճակում՝ հիվանդը մեկ շաբաթվա ընթացքում չէր ընդունել սնուննդ, կլման փորձերի ժամանակ սկսվում էր փսխում, ջրազրկված էր, ինչի պատճառով էլ գտնվում էր պարէնտերալ (ներերակային) սնուցման տակ, չափազանց թույլ լինելու պատճառով չէր կարողանում քայլել, սակայն վերջույթներում շարժումները խանգարված չէին: Ավելի վաղ հիվանդը գանգատվում էր արտահայտված գլխապտույտից, շարժումների դիսկոորդինացիայից, գլխացավից և սրտխառնոցից:

Ֆիզիկական զննման ընթացքում անրակի ձախ կողմից պարանոցի վրա հայտնաբերվել էր կլոր պինդ գոյացություն: Նկատվում էր նաև Գորների համախտանիշ, որն արտահայտվում էր վերին կոպի իջեցմամբ: Ըստ անհապաղ կատարված ԿՏ–անգիոգրաֆիայի և դուպլեքս հետազոտության արդյունքների հայտնաբերվեց մեծ գոյացություն 5×6 սմ չափսերով, որը սեղմում էր և դեֆորմացնում դոմինանտ ձախ (2.5-3մմ) ողնաշարային զարկերակը արյան հոսքի արտահայտված խանգարումով: Աջ ողնաշարային զարկերակը թերզարգացած էր (հիպոպլազիա) և տրամագիծը կազմում էր 1.5 մմ: Ձախ դոմինանտ զարկերակի սեղման արդյունքում նկատվում էր գլխուղեղի ցողունի արտահայտված իշեմիա:

24 ժամ ներերակային հեղուկ ներարկելուց և աղեջրային հավասարակշռությունը վերականգնելուց հետո որոշվեց անցկացնել վիրահատական միջամտություն դոմինանտ ձախ ողնաշարային զարկերակի անցանելիությունը վերականգնելու և գլխուղեղի հետին բաժինների արյան հոսքը լիարժեք ապահովելու նպատակով: 02.12.2016թ. վիրաբուժական թիմը (վիրաբույժ- սրտի և անոթների վիրաբուժության բաժանմունքի ղեկավար բ.գ.դ Շատախյան Մ.Պ., ասիստենտներ՝. Արզումանյան Ս.Ի., Աֆյան Ն.Ս., անեստեզիոլոգ՝ Մուրադյան Ա.Ռ.) կատարեց գոյացության հեռացում, որը սեղմում էր ողնաշարային զարկերակը և սիմպաթիկ նյարդային ցողունը:

Այնուհետև ողնաշարային զարկերակը կտրվեց ենթանրակային զարկերակից և տեղափոխվեց սիմպաթիկ ցողունից դեպի առաջ, որից հետո “վերջ - կողք” անաստամոզ դրվեց քնային զարկերակի հետ ՝ գլխուղեղի ցողունին լիարժեք արյան հոսք ապահովելու նպատակով:

Հետվիրահատական շրջանը ընթացավ սահուն, առանց բարդությունների: Հիվանդը Էքստուբացվեց վիրահատությունից մեկ ժամ անց, սկսեց ուտել 3 ժամ անց , վիրահատությունից 12 ժամ անց քայլեց: Վիրահատությունից 3 օր անց դուպլեքսային սկանավորումը հաստատեց ողնաշարային ձախ զարկերակի նորմալ արյան հոսքը և հիվանդը դուրս գրվեց տուն: Վիրահատությունից 20 օր անց հիվանդը ինքնուրույն տեղաշարժվում էր , նորմալ սնվում: Գլխապտույտը և վերին կոպի իջեցումը անհայտացել էին:

Ըստ հիստոլոգիական հետազոտության տվյալների գոյացությունը իրենից ներկայացնում էր կալցիֆիկացված եզրերով խոռոչ խրոնիկ հեմարոգիկ պարունակությամբ: Ըստ համաշխարհային գրականության տվյալների, գոյացությունները, որոնք սեղմում են ողնաշարային զարկերակը, հազվադեպ են հանդիպում, և պահանջում են անհապաղ վիրահատական միջամտություն: Այսպիսի հիվանդները, որպես կանոն, դիմում են բժիշկի ծանր կլինիկական վիճակում: Եթե գոյացությունը մեծ է, հիվանդները մեծ դժվարությամբ կամ ընդհանրապես չեն կարողանում սնուննդ ընդունել, հաճախ տանում են ուղեղիկի կաթված, ունենում են արտահայտված գլխապտույտներ և շարժումների դիսկոորդինացում, չեն կարողանում տեղաշարժվել: Ծանր կլինիկական պատկերը հաճախ կարող է ստեղծել վիրահատական միջամտության հուսահատական պատկեր: Սակայն մեխանիկական խոչընդոտների վերացնելուց և դեպի գլխուղեղի ցողուն նորմալ արյան հոսքը վերականգնելուց հետո, հիվանդը շատ շուտ ապաքինումվում է՝ ամբողովին վերականգնելով բոլոր ֆունկցիաները:

+374 10 47 11 00
QR
Price list QR