Դենսիտոմետրիան ախտորոշման միակ եղանակն է, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ որոշել ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը, ինչն անհրաժեշտ է օստեոպորոզի կանխարգելման, վաղ գնահատման և ախտորոշման, ինչպես նաև հակաօստեոպորոտիկ բուժման արդյունավետության համար: Դասական ռենտգենաբանական հետազոտությամբ եւս հնարավոր է ախտորոշել օստեոպորոզը, երբ ոսկրային հյուսվածքի կորուստն արդեն իսկ գերազանցում է 25-30 տոկոսը: Սակայն դենսիտոմետրիան թույլ է տալիս գնահատել ոսկրային հյուսվածքի՝ նույնիսկ մինչեւ 2-5 տոկոս կորուստը, ինչն անգնահատելի նշանակություն ունի կոտրվածքների ռիսկի կանխարգելման եւ ամենավաղ փուլում օստեոպորոզի ախտորոշման համար:
Օստեոպորոզի վաղ հայտնաբերումը բժշկին հնարավորություն է տալիս ժամանակին սկսել բուժումը, կանխել հիվանդության զարգացումը, վերականգնել ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը: 45-50 տարեկանից հետո ոսկրային հյուսվածքում կալցիումի քանակը սկսում է նվազել: 55-65 տարեկանում այն կարող է հասնել կրիտիկական նվազագույնի՝ հաճախ դառնալով ողնաշարի եւ ազդոսկրի վզիկի կոտրվածքի պատճառ: Ահա թե ինչու է այդ տարիքում հատկապես կարեւորվում ոսկրերի հետազոտությունը:
Հաճախ իրականացվում է երկու հատվածի դենսիտոմետրիա՝ ողնաշարի գոտկային հատվածի եւ կոնքազդրային հոդի շրջանի, որտեղ ամենաշատն են նկատվում օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքները: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է չափել նաև նախաբազկի ոսկրերի խտությունը: Հետազոտության հիմքում ցածր իոնացնող ծանրաբեռնվածությամբ ռենտգեն ճառագայթներով ոսկրի լուսավորումն է՝ երկու էներգետիկ հոսքերով (DEXA կամ DXA երկէներգետիկ ռենտգեն աբսորբցիոմետրիա) (dual energy x-ray absorptiometry), ինչը հնարավորություն է տալիս հետազոտությունն իրականացնել առավելագույն ճշգրտությամբ եւ արագությամբ: Բաժանմունքում ներդրված է HOLOGIC QDR 4500 ELITE ACCLAIM SERIES թվային սարքավորումը:
Հետազոտությունն իրականացնելիս ճառագայթային չափաբաժինը հասցված է նվազագույնի եւ կրծքավանդակի դասական ռենտգենոգրաֆիայի չափաբաժնի 1/10-ից պակաս է:
Դենսիտոմետրիայի իրականացման ցուցումներն են.
• Վաղ դաշտանադադար՝ մինչեւ 45 տարեկան
• Աննշան վնասվածքից առաջացած ոսկրերի կոտրվածքներ՝ ցածր էներգետիկ կոտրվածքներ
• Կորտիկոստերոիդների երկարատեւ ընդունում
• Ռեւմատոիդ արթրիտ
• Հիպերպարաթիրեոզմ
• Երկարատեւ անշարժ վիճակ
• Մալաբսորբցիայի համախտանիշ
• Լյարդի քրոնիկ հիվանդություն
• Ժառանգական գործոն (երբ ծնողները մեծ տարիքում ունեցել են ազդրի վզիկի կոտրվածք՝առաջացած աննշան վնասվածքից)
• Դիաբետ
• Հասակի անբացատրելի նվազում՝ ավելի քան 3 սմ
• Ծխախոտի եւ ալկոհոլի չարաշահում
Հետազոտությունը խորհուրդ է տրվում
• 65-ից բարձր տարիքի բոլոր կանանց
• Ավելի երիտասարդ կանանց՝ ռիսկի գործոնների առկայության դեպքում
• Կանանց և տղամարդկանց, որոնք երկարատեւ ստանում են կորտիկոստերոիդներ
• 70-ից բարձր տարիքի բոլոր տղամարդկանց: