«Էրեբունի» ԲԿ նյարդաբանական կլինիկայում գործում է միջազգային չափանիշներին համապատասխան և ժամանակակից նոր ծառայություն՝ Ցավի կլինիկա: Կլինիկան հագեցած է տեխնիկական անհրաժեշտ բոլոր հանարվորություններով, իսկ բժիշկները վերապատրաստում են անցել ոլորտի առաջատար մասնագետների մոտ:
«էրեբունի» բժշկական կենտրոնում նման ծառայություն ստեղծելու գաղափարն ի հայտ է եկել 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմի ավարտին, երբ պարզ դարձավ, որ մեծ թվով զինվորներ վիրահատություններից հետո ցավերի կառավարման անհրաժեշտություն ունեն:
Այս հարցում «էրեբունի» ԲԿ գործընկերը դարձավ հայտնի անեսթեզիոլոգ, Լոս Անջելեսում ցավի կլինիկայի հիմնադիր, մեր հայրենակից Ռեյմոնդ Թադևոսյանը, ով երկար տարիներ Կալիֆորնիայում իր թիմի հետ զբաղվում է ցավի կառավարման խնդիրներով: Կենտրոնի ստեղծումը հնարավոր դարձավ նաև նրա լուրջ մասնագիտական աջակցությամբ:
Նորաբաց ծառայությունը համապատասխանում է ժամանակակից բժշկության բոլոր չափորոշիչներին: Ցավի կլինիկայի նպատակը ցավային համախտանիշների վերացումը կամ նվազեցումն է: Դրանք կարող են լինել քրոնիկ տարբեր ցավեր, որոնք հիվանդին անհանգստացնում են նույնիսկ վիրահատություններից կամ բուժական տարբեր թերապիաներից հետո կամ այն պարագայում, երբ ցուցված չէ վիրահատական միջամտություն:
Այստեղ մեծ նշանակություն է տրվում բուժման ինտերվեցիոն եղանակին, երբ միջամտությունը կատարվում է ռենտգեն կամ սոնոգրաֆիկ հսկողության տակ՝ հատուկ ներարկումների միջոցով: Բուժման այս եղանակն առավելապես արդյունավետ է մեջքի քրոնիկ ցավերի, ողնաշարային ցավերի, գլխացավերի, ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ նկատվող որոշակի ցավային սինդրոմների, հոդացավերի և ցավային այլ համախտանիշների դեպքում:
⤵