Ուղեղային անևրիզմաների և զարկերակ-երակային մալֆորմացիաների, գլխի և պարանոցի մագիստրալ զարկերակների ստենոտիկ ախտահարումների բուժման ժամանակակից ներանոթային տեխնոլոգիաները Էրեբունի ԲԿ-ի կլինիկական պրակտիկա ներդրվել են 2014 թվականի փետրվարից՝ նյարդավիրաբուժական բաժանմունքի կազմում: 2015 թ. հունիսին Էրեբունի բժշկական կենտրոնում հիմնվեց Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայությունը:
Տվյալ ծառայության գործունեության շնորհիվ հաջողվեց կտրուկ բարձրացնել կենտրոնական նյարդային համակարգի անոթային ախտաբանությամբ հիվանդների բուժման որակը ՝ զգալիորեն լավացնելով բուժման արդյունքները, և կանխարգելել գլխուղեղի կաթվածները՝ մոտեցնելով դրանք միջազգային ցուցանիշներին:
Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայությունը մասնագիտացված է կենտրոնական նյարդային համակարգի հետևյալ անոթային ախտաբանությամբ հիվանդներին որակավորված նյարդամիջամտական (ներանոթային) օգնություն ցուցաբերելու ուղղությամբ.
- պարկաձև անևրիզմաներ,
- զարկերակ-երակային մալֆորմացիաներ,
- զարկերակ-երակային խուղակներ, կարոտիդ-խորշիկային խուղակներ,
- քնային զարկերակների ստենոզներ,
- ողնաշարային զարկերակների ստենոզներ,
- ներգանգային զարկերակների ստենոզներ,
- գերանոթավորված ուռուցքներ,
- գլխուղեղի սուր իշեմիկ կաթված:
Բաժանմունքի որակավորված մասնագետները.
- իրականացնում են ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումների և կաթվածների զարգացման պատճառների ու մեխանիզմների որակյալ, բազմակողմանի ախտորոշում,
- տիրապետում են կաթվածի և նրա բարդությունների բուժման հատուկ եղանակներին,
- մշակում են կաթվածի կանխարգելման անհատական ծրագրեր:
Բաժանմունքում գտնվելու ընթացքում հիվանդներն անցնում են բոլոր այն հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են գլխի մագիստրալ զարկերակների աթերոսկլերոզով ախտահարման աստիճանը հայտնաբերելու համար.
- քնային, ողնաշարային և ներուղեղային զարկերակների դուպլեքս սքանավորում,
- ուղեղային անգիոգրաֆիա,
- տրանսկրանիալ դոպլերոգրաֆիա,
- միկրոէմբոլիաների առկայության որոշում,
- հեմոդինամիկ պահուստի որոշում,
- ԷԷԳ,
- ռենտգեն հետազոտություն,
- ՀՏ:
Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայությունն իրականացնում է հետևյալ նյարդաինտերվենցիոն միոցառումները.
- ախտորոշիչ ցերեբրովասկուլյար անգիոգրաֆիա,
- ախտորոշիչ սպինալ անգիոգրաֆիա,
- միկրոպարույրներով էմբոլիզացիա (անևրիզմաներ, զարկերակ-երակային խուղակներ),
- օնիքս էմբոլիզացիա (զարկերակ-երակային մալֆորմացիաներ, զարկերակ-երակային խուղակներ, գերանոթավորված ուռուցքներ),
- քնային, ողնաշարային և ներգանգային զարկերակների ստենոզների դեպքում՝ բալոնային անգիոպլաստիկա,
- քնային, ողնաշարային և ներգանգային զարկերակների ստենոզների դեպքում՝ ստենտավորում,
- անևրիզմաների խցանում միկրոպարույրներով՝ ստենտ-օժանդակությամբ,
- դեղերի ներզարկերակային գերընտրողական ներմուծում (գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի դեպքում՝ թրոմբոլիտիկ և հակաագրեգանտ միջոցներ, սուբարախնոիդալ արյունազեղումների դեպքում առաջացած ուղեղային անոթակծկանքի ժամանակ՝անոթալայնիչներ),
- մեխանիկական թրոմբահեռացում (գլխուղեղի սուր իշեմիկ կաթված):
Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայությունը՝ հանդիսանալով բազմապրոֆիլ կլինիկայի կառուցվածքային ստորաբաժանում, և սերտորեն համագործակցելով Էրեբունի ԲԿ-ի այլ բաժանմունքների հետ, մասնագիտացված, բարձր որակավորված բուժօգնություն է ցուցաբերում ոչ միայն մեկուսացված ցերեբրովասկուլյար ախտաբանությամբ, այլ նաև մյուս օրգան-համակարգերի ախտաբանության համակցմամբ հիվանդներին:
ԱՄՆ, Կանադա, ԵՄ և ՌԴ օտարերկրյա մասնագետների հետ սերտ համագործակցությունը հնարավորություն է տալիս օպտիմալացնել ցերեբրովասկուլյար ախտաբանության բուժման գոյություն ունեցող ռազմավարությունը և մշակել նորերը:
Նյարդամիջամտական վիրահատություններն իրականացվում են հատուկ վիրահատարաններում՝ Siemens Artis Zee ժամանակակից բիպլանային անգիոգրաֆի կիրառմամբ, որը չունի իր նմանակը Հայաստանում:
Միջամտությունների ժամանակ կիրառվում են տվյալ ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների գործիքները, ինչպիսիք են ՝ Covidien, Terumo, Microvention, Cordis, Penumbra, Asahi և այլն:
Բաժանմունքում իրականացվում են հետևյալ հիվանդությունների և վիճակների բուժում.
- բաժանմունքի առաջնահերթ ուղղություններից են քնային զարկերակների վիրահատությունները,
- գանգուղեղային զարկերակների, զարկերակ-երակային մալֆորմացիաների և անևրիզմաների հեմոդինամիկայի հետազոտություն, անոթային ախտաբանության վիրահատական բուժման տարբեր մեթոդների ազդեցությունը արյունահոսքի վրա,
- ուղեղային անևրիզմաների բուժման նպատակով flow-divertion մեթոդի, ինչպես նաև իշեմիկ կաթվածի սուր շրջանում ընտրողական թրոմբոլիզիսի և թրոմբոէքստրակցիայի առավել լայն կիրառում,
- մոտ ապագայում գլխուղեղի իշեմիկ կաթվածների բուժման և կանխարգելման նպատակով ուղեղային զարկերակների վրա իրականացվող վերաանոթավորման (ռեվասկուլյարիզացիոն) վիրահատությունների կարիք ունեցող հիվանդների լիովին ընդգրկման մեխանիզմների մշակում,
- մոտ ապագայում պլանավորվում է, միջամտական սրտաբանության հետ համատեղ, գլխուղեղի և սրտի համակցված ախտահարումների դեպքում հետազոտությունների և գործընթացի մշակումների իրականացում, ինչպես նաև ուղեղի արյան շրջանառության վրա սրտի ախտաբանության ազդեցության ուսումնասիրություն,
- կաթվածների կանխարգելման ծրագրի իրականացում: