Օրգանիզմի էնդոկրին համակարգը սերտորեն փոխկապակցված է նյարդային համակարգի հետ, և միասին կոչվում է օրգանիզմի նյարդաներզատական համակարգ, ինչն ապահովում է օրգանիզմի ներքին օրգան-համակարգերի կենսագործունեությունն ու համակարգված աշխատանքը: Նյարդաներզատական համակարգի բարդ կառուցվածքը, օրգանիզմի կենսագործունեության կարգավորման մեջ նրա կարևոր նշանակությունը վիրաբույժից պահանջում են բարձր որակավորում, քանի որ վիրահատական բուժումն իրականացվում է, այսպես կոչված, «ղեկավար օրգանների» վրա:
Վերջին 50 տարիների ընթացքում նյարդաներզատական կարգավորման մեխանիզմների և խանգարումների մասին գիտելիքի կուտակումը հիմք է դարձել կլինիկական բժշկության նոր ճյուղի՝ ներզատական (էնդոկրին) վիրաբուժության բուռն զարգացման համար:
Էրեբունի ԲԿ-ի էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը հիմնվել է 1986թ. պրոֆեսոր Հ.Մ. Քուշկյանի կողմից: Այս տարիների ընթացքում բաժանմունքում վիրահատվել են 20.000-ից ավելի էնդոկրին գեղձերի հիվանդություններով պացիենտներ: Սա միակ մասնագիտացված բաժանմունքն է Հայաստանում, որտեղ վիրահատական միջամտություններ են իրականացվում վահանաձև և հարվահանաձև գեղձերի, մակերիկամների, կրծքագեղձերի և ենթաստամոքսային գեղձի վրա:
Հայաստանում յուրաքանչյուր տարի իրականացվում է մոտավորապես 1000 էնդոկրին վիրահատություն, որից 600-ը Էրեբունի ԲԿ էնդոկրինոլոգիական բաժանմունքում:
1997թ. պրոֆեսոր Հ.Մ. Քուշկյանի կողմից բաժանմունքի բազայի վրա հիմնվել է Ազգային առողջապահության ինստիտուտի, ապա Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրին վիրաբուժության ամբիոնը, որտեղ մինչև օրս մասնագիտանում են մեծ թվով վիրաբույժներ: Կատարվել են հարյուրավոր գիտական աշխատություններ, պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական և դոկտորական թեզեր: Այս տասնամյակների ընթացքում՝ կատարվող աշխատանքին զուգահեռ, ներդրվել են բազմաթիվ նորագույն տեխնոլոգիաներ:
Բաժանմունքում առաջին անգամ Հայաստանում կատարվել են լապարասկոպիկ ադրենալէկտոմիա, էնդոսկոպիկ թիրեոիդէկտոմիա: Ներկայում այս ուղղությամբ մշակված են մեթոդաբանական և տեխնիկական հստակ չափորոշիչներ:
Բարդ տեխնոլոգիաներին և նորագույն սարքավորումներին տիրապետելը բաժանմունքի մասնագետներին թույլ է տալիս նախապատվություն տալ քիչ վնասվածքային (քիչ ինվազիվ) վիրահատական միջամտություններին՝ փոքր մուտքով վիրահատություններին, տեսաէնդոսկոպիկ վիրահատություններին, գերձայնի հսկողության տակ կատարվող վիրահատական միջամտություններին և այլն:
Տարաբնույթ կլինիկական դրսևորումները, օրգանիզմի տարբեր համակարգերի օրգանների ախտահարումը հաճախ պահանջում են համակցված կամ զուգակցված վիրահատությունների իրականացում, որոնց, բացի էնդոկրին վիրաբույժներից, միաժամանակ մասնակցում են նաև կենտրոնի այլ մասնագետներ՝ նյարդավիրաբույժներ, ուրոլոգներ, գինեկոլոգներ, կրծքային վիրաբույժներ և այլն:
Էրեբունի ԲԿ-ի էնդոկրին վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են վիրահատական միջամտության հետևյալ տեսակները.
- լապարասկոպիկ վիրահատություններ,
- դասական բաց վիրահատություններ,
- վիրահատություններ՝ նվազագույն մուտքով,
- քիչ ինվազիվ օրգանապահպան վիրահատություններ,
- էնդոտեսադիտարկման տակ իրականացվող վիրահատություններ:
Բաժանմունքում իրականացվում են էնդոկրին վիրաբուժության հասկացության մեջ մտնող քիչ ինվազիվ և բարձր տեխնոլոգիական վիրահատությունների բոլոր տեսակները հետևյալ օրգան-համակարգերի և օրգանների, վրա.
- հիպոֆիզ,
- վահանաձև գեղձ,
- հարվահանաձև գեղձեր,
- թիմուս (ուրցագեղձ),
- ենթաստամոքսային գեղձ,
- մակերիկամներ,
- կրծքագեղձ,
- վիրահատություններ ԱԿՏՀ-արտանկված համախտանիշի դեպքում,
- էնդոկրին համակարգի բարորակ և չարորակ հիվանդությունների վիրահատական բուժում (բազմակի էնդոկրին նեոպլազիաներ՝ ԲԷՆ համախտանիշ),
- վիրահատություններ սեռական գեղձերի վրա և այլն:
Էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը սերտորեն համագործակցում է Ռուսաստանի և Եվրոպայի առաջատար վիրաբուժական կլինիկաների հետ: Բաժանմունքի մասնագետներն ակտիվորեն մասնակցում են էնդոկրին վիրաբուժությանը նվիրված միջազգային գիտական սիմպոզիումներին, իրականացված սեփական հետազոտությունների արդյունքները հրապարակում տեղական և արտերկրի մամուլում:
Բաժանմունքում իրականացվում են վիրահատություններ հետևյալ հիվանդությունների դեպքում.
- վահանագեղձի հիվանդություններ՝ ներառյալ քաղցկեղը,
- մակերիկամների հորմոնակտիվ ուռուցքներ,
- վահանաձև գեղձին մոտ տեղակայված ուռուցքներ,
- կրծքագեղձի հիվանդություններ՝ ներառյալ պրոթեզավորումը,
- սեռի և բնածին սեռական անոմալիաների շտկում,
- հիպոֆիզի հիվանդություններ (տրանսֆենոիդալ վիրահատություններ),
- ափերի և անութափոսերի քրտնարտադրություն,
- նիհարելու նպատակով կատարվող վիրահատություններ:
Բոլոր ծառայությունները
- Անեսթեզիոլոգիայի բաժանմունք
- Ընդհանուր և կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունք
- Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք
- Մինիմալ-ինվազիվ վիրաբուժության բաժանմունք
- Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
- Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք
- Էնդոկրին վիրաբուժության բաժանմունք
- Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունք
- Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունք
- Ուրոլոգիական բաժանմունք
- Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք
- Անոթային վիրաբուժության բաժանմունք
- Մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայություն
- Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն